Մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ: Այս մասին գրում է armlur.am-ը։
Դրան նպաստել է մրգի՝ 4.4 տոկոս գնաճը։ Միայն բանջարեղենի շուկայում մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 6.4 տոկոս գնաճ։ Իսկ ահա շաքարավազը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 2.1 տոկոսով։ Պարզվում է՝ ոչ միայն շաքարավազն է թանկացել, այլ՝ հացաբուլկեղենը, ձավարեղենը։ Օրինակ, հացաբուլկեղենն ու ձավարաղենը մարտին փետրվարի համեմատ թանկացել են 0.2 տոկոսով, յուղերն ու ճարպերը՝ 0.3 տոկոսով։
Սա դեռ ամենը չէ․ թանկացումից անմասն չեն մնացել ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը։ Միայն ծխախոտը թանկացել է 0.6 տոկոսով, ալկոհոլային խմիչքը՝ 1.9 տոկոսով։ Իսկ սուրճի, թեյի, կակաոյի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկաներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։ Բայց մսամթերքի շուկայում մարտին փետրվարի համեմատ, հակառակը՝ գնանկում է արձանագրվել՝ 1.2 տոկոսի չափով: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում եւս արձանագրվել է գնանկում՝ 0,8 տոկոսի չափով:
Ձվի գինը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 7.5 տոկոսով: Ձկան և ծովամթերքի շուկայում մարտին փետրվարի համեմատ՝ արձանագրվել է 0.8 տոկոսի չափով գնանկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը