Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը գերազանցեց 500 դրամ 1 դոլարի դիմաց հոգեբանական սահմանը։ Վերջին ամիսներին կառավարության ու Կենտրոնական բանկի պատասխանատուները պարբերաբար հայտարարում էին, որ ՀՀ միջազգային պահուստները ավելացել են, և մենք ունենք բավարար միջոցներ կանխելու համար ֆինանսական շուկայում կտրուկ տատանումներն ու ցնցումները։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ 1 դոլարի փոխարժեքը գտնվում էր 470-480 դրամի միջակայքում։ Այսինքն, այս ընթացքում և հատկապես վերջին օրերին դրամը սկսվեց արժեզրկվել։ Մասնավորապես, հունվար ամսվա համեմատ դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է գրեթե 5 տոկոսով։ Անշուշտ, սա արտացոլում է տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները։ Գործընթացներ, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Այդուհանդերձ, Կենտրոնական բանկի մոտեցումը ներկա պահին հավասարակշռված է, ինչի շնորհիվ ականատես ենք լինում փոխարժեքի սահուն և անցնցում արժեզրկմանը։ ԿԲ-ն մի կողմից թույլ չի տալիս, որպեսզի դրամը կտրուկ արժեզրկվի, մյուս կողմից՝ մեծ ծավալի արտարժույթ չի վաճառում փոխարժեքը կայուն պահելու համար։
Թե որքա՞ն կարժեզրկվի դրամը տնտեսական վիճակի վատթարացման դեպքում, դժվար է կանխատեսել։ Ակնհայտ է միայն այն, որ այդ դեպքում ազգային արժույթի արժեզրկումը շարունակվելու է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը