04 03 2020

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով իրանական ապրանքների արտահանման արգելքին. ՏԶՆԿ

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով իրանական ապրանքների արտահանման արգելքին. ՏԶՆԿ

Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է:

Կորոնավիրուսի հետևանքով սահմանին առաջացած իրավիճակի վերաբերյալ իր վերլուծության մեջ ՏԶՆԿ-ն գրում է.

«Արտահանման և ներուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին Իրան-Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջև ապրանքների առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 5%-ը: 2019թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա (արտահանման ծավալների 75%) և ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական և հեղուկ գազ (ներմուծման ծավալների 20%), նավթ և նավթամթերք (10%), ցեմենտ (8%): Մինչև 2020թ.-ի մարտի 24 բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղևորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության և հանրային սննդի կազմկերպման վրա և այլն, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ և բանջարեղենի տեղափոխման արգելանքին, ապա եթե այդ ապրանքները չվերաարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական և իրանական ապրանքների միջև: Հայաստանի սպառողը ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղևորափոխադրումը՝ կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպը հատկապես 2020թ.-ի առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը՝ կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը և գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ