Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում նշում է․
«Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ-ի) հերթական, մրցակցության տեսանկյունից ոչինչ չասող «Կարագի» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա հայտարարվում է, թե իբր կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է։
Նման լավատեսական եզրահանգման եկել են այն հիմնավորմամբ, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կարագ ներկրողների թիվը նվազել է 4-ով (40-ից հասնելով 36-ի), 2019թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ, ի դեպ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է։ 2018թ. ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել է 58 ընկերություն, ընդ որում՝ կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 79 տոկոս։ 2019թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել են 56 ընկերություններ՝ նախորդ տարվա համեմատ 2-ով քիչ, ընդ որում, կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 69 տոկոս։ 2019թվ. նույն ժամանակահատվածում կարագի իրացման ծավալները նվազել են 15 տոկոսով (3573,5 տոննայից հասնելով 3297,9 տոննայի)։ Սա այն դեպքում, երբ կարագը ներառված է նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների ցանկում, որի հիման վրա գնահատվում է մեր ազգաբնակչության կենսամակարդակը։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում, այդ ինչպե՞ս է արտագաղթի կրճատման և տուրիստների թվի երկնիշ աճի պայմաններում 2019թ. ընթացքում նվազել կարագի ներկրման և սպառման ծավալները։ Ըստ երևույթին, կամ պաշտոնատար անձանց հրապարակած թվերը կեղծ են, կամ մեկ տարվա ընթացքում մարդիկ կտրուկ նվազեցրել են իրենց կարագի սպառումը։
ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության մեջ նշված է, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ի հայտ են եկել նոր 8 կարագ ներկրողներ, որոնք ներմուծել են 127,74 տոննա կարագ, որը կազմում է ներքին շուկայի 3,9 տոկոսը (127,74/3297,9*100)։ Ի դեպ, ուսումնասիրության մեջ նշված է միայն կարագի շուկայում իրացման ծավալներով առաջին տեղում գտնվող «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին) առանց նշելու նրա կոնկրետ մասնաբաժինը և դրա դինամիկան շուկայում։ Աշխատանքային կարգով փորձեցինք պարզել, որո՞նք են 2019թ. ընթացքում կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունները, և որքա՞ն է նրանց մասնաբաժինը շուկայում։ Անտրամաբանական պատասխան ստացանք, որ դա առևտրային գաղտնիք է, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի վառելիքի և շաքարավազի շուկաների ուսումնասիրությունների դեպքում հրապարակված է նմանատիպ տեղեկատվությունը։ Այս երկակի մոտեցումը անհասկանալի է, և կարելի է ենթադրել, որ ՏՄՊՊՀ-ն փորձում է ուղղակիորեն թաքցնել կարագի շուկայում գործող և նոր ի հայտ եկող ընկերությունների մասին տեղեկատվությունը, քանի որ կան ողջամիտ կասկածներ, որ այդ նոր ընկերությունները (ինչպես դիզելային վառելիքի շուկայի՝ «Գազօիլ» ընկերության դեպքում) ուղղակի կապեր ունեն գործող իշխանությունների հետ։ Ինչի արդյունքում հնարավոր է պարզենք՝ իրականում կարագի շուկայում համակենտրոնացման մակարդակը ոչ թե նվազել է 10 տոկոսով (79-ից հասնելով 69-ի), այլ խոշոր ներկրողների հետ պայմանավորվածության արդյունքում տեղի է ունեցել կարագի շուկայի արհեստական վերաբաշխում յուրայիների միջև։
Ուսումնասիրության շրջանակում ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված խնդիրները երկրորդական նշանակություն ունեն կարագի շուկայի մրցակցային միջավայրի բարելավման տեսանկյունից։ Կարագի շուկայի հիմնական խնդիրը՝ մեծածախ-մանրածախ շղթայում՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի) գործունեությունն է և նրա շուկայական իշխանությունը։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապվող ընկերությունները զբաղվում են կարագի ներմուծմամբ և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցով դրանց մանրածախ վաճառքով։ Մեծածախ և մանրածախ առևտրի շղթայի վերահսկման բացասական հետևանքների և լուծումների մասին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը անդրադարձել է իր «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհներ ի դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով վերլուծության (https://bit.ly/32u5fNv ) մեջ, որը հրապարակվել էր 2017թ. դեկտեմբերին՝ նախորդ իշխանության օրոք։ Այդ խնդիրը կա նաև ներկայումս, որին խուսափել է անդրադառնալ ՏՄՊՊՀ-ն։
Մենք փորձեցին մեր հպանցիկ ուսումնասիրությունը անել կարագի մեծածախ և մանրածախ շուկայում։ Այսպես՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի «X» խանութին 1 կգ նորզելանդական կարագը մեծածախ վաճառել է 3437 ՀՀ դրամ (85920/25), երբ Երևան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում այդ նույն կարագը վաճառվում է 3540 ՀՀ դրամով, այսինքն՝ իր մեծածախ գնից ավել 103 ՀՀ դրամ (3540-3437) կամ 3 տոկոս ((3540/3437*100)-100) վերադիրով: Սուպերմարկետների այս գնային քաղաքականության պայմաններում ոչ մի խանութ չի կարող մրցակցության մեջ դիմակայել։ Նույնիսկ շրջանառության հարկի դաշտում գործող փոքր և միջին բիզնեսը իր շրջանառության նվազագույնը 1,5 տոկոսը հարկ է տալիս, իսկ ԱԱՀ վճարող խանութը՝ մի քանի անգամ ավել։ Այդ նույն «X» խանութը նորզելանդական կարագը փաստացի վաճառում է 3900 ՀՀ դրամ, այսինքն՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի գնից ավել 360 ՀՀ դրամով (3900-3540) կամ 10,2 տոկոս ((3900/3540*100)-100)։ Կարագը հանդիսանում է ամենօրյա և առաջին անհրաժեշտության ապրանք, խոշոր սուպերմարկետային ցանցերը, ցածր գին սահմանելով կարագի համար, խթանում են նաև մյուս իրենց ապրանքների առևտուրը, քանի որ սպառողը կարագը ձեռքբերելիս միաժամանակ կգնի նաև մյուս ապրանքները։ Եվ պատահական չէ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրում է, որ 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին խանութների մասնաբաժինը մանրածախ առևտրի 79,8 տոկոսն է կազմում, որի առյուծի բաժինն են ընկնում 50 և ավել աշխատակիցներ ունեցող խանութները՝ սուպերմարկետները։
Կարագի շուկայում առկա է նաև մեկ այլ կարևոր խնդիր, ինչի մասին նշում է նաև ՏՄՊՊՀ-ն։ Խանութներում կարագը և սփրեդը հաճախ դրվում է իրար կողք, ինչը կարող է մոլորեցնել սպառողին։ Անշուշտ, անբարեխիղճ մրցակցության դեմ պետք է պայքարի նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
Առկա է նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ. մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում հանրությանը հայտնի օլիգարխներից մեկն ազատ մուտք ու ելք է անում ՏՄՊՊՀ, այն դեպքում, երբ առկա չէր ՏՄՊՊՀ-ի վարույթում գործ, ավելին` այդ օլիգարխը որևէ իրավական կապ չունի գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Հերթական այցի մասին տեսանյութ կա նաև համացանցում։ Բիզնեսի և պետական մարմինների միջև ոչ պաշտոնական և անվերահսկելի հարաբերությունները առաջին հերթին պետք է հետաքրքրի քաղաքական մեծամասնությանը։
Ինչպես նախորդ, այնպես էլ գործող իշխանությունները չհասկացան, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները (հայտնի կամազները) չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով են կուտակվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը