01 02 2020

2019-ի շահութահարկը. Արա Գալոյան

2019-ի շահութահարկը. Արա Գալոյան

Politeconomy.org-ը գրում է․

«Հրապարակվեց 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Առաջին արձագանքները հաստատ քաղաքական են: Դժվար չէր ենթադրել, որ իշխանությունները կհպարտանան այդ ցանկով: Պարտադիր: Ընդդիմադիրները` կքննադատեն: Նույնքան` պարտադիր: Մինչդեռ ցանկը՝ որպես տնտեսական կարևորագույն փաստաթուղթ, մասնագիտական լուրջ վերլուծության պետք ունի: Միայն այդ ճանապարհով կարելի կլինի տեսնել մեր տնտեսության այսօրվա պատկերն ու այն գործընթացները, որոնք ընթանալու են մոտ ապագայում:

Նախ պարզ դիտարկումներից նկատելի է, որ տնտեսությունը շարունակում է զարգանալ-ընթանալ իներցիայով: Կտրուկ փոփոխություններ համարյա չկան: 2019թ․ խոշոր հարկատուների առաջին տասնյակը լրիվ համադրելի է նախորդ տարիների ցանկին: Միակ նկատելի նորամուծությունն այն է, որ խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են մի քանի նույնանուն ընկերություններ, որոնք գրանցվելու համար համարակալվել են: Հավանաբար գրանցող մարմնի կողմից։ Խոսքը «Ավտոներկրող» հպարտ անունը կրող ընկերությունների մասին է: Ավելին այդ ընկերություններից տնտեսավարման տեսանկյունից ամենահաջողակը բավական բարձր դիրք ունի հարկատուների ցանկում: 12-րդն է` մուծած հարկերի պատկառելի ցուցանիշով (11 մլրդ 835 մլն դրամ):

2019թ․ մեկ մլրդ դրամից ավելի հարկ մուծել է 190 կազմակերպություն: 2018թ․ դրանց թիվը 166 էր: Այստեղից կարելի է եզրակացնել, որ բիզնեսը խոշորանալու միտում ունի և, որ հարկերը ավելի արդյունավետ կամ շատ են հավաքվում: Արդյունավետ պնդումը հարկավ կանեն իշխանություններին ներկայացնող փորձագետները: Հակառակվողները կպնդեն, որ հարկատուների նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշումը և ամեն գնով հարկ պահանջելը խժռում է տնտեսության զարգացման ռեսուրսները: Եվ որ դրա բացասական հետևանքները նկատելի կդառնան առաջիկա մեկ-երկու տարում:

Դրա լավագույն օրինակ կարող է հանդիսանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Մուծած 43 մլրդ 644 մլն հարկերով այս ընկերությունը երրորդն է: Երրորդը՝ թե՛ 2019-ին, թե՛ 2018-ին: 2018-ի ցուցանիշը 40 մլրդ 075 մլն դրամ էր: Հարկային մուտքերի ծավալի աճն ամենևին էլ չի նշանակում, թե ընկերությունը բարգավաճում է: Շատ ավելի խոսուն է այն փաստը, որ ընկերության մուծած 43.6 մլրդ-ը գերազանցող հարկերի գումարում շահութահարկի մասնաբաժինը մոտ 271 մլն դրամ է:

Նույն անթույլատրելի ցածր համամասնությամբ շահութահարկ է մուծել նաև 4-րդ խոշոր հարկատուն: Այլ կերպ ասած, մեր տնտեսվարող սուբյեկտների նկատելի հատվածը աշխատում է ցածր շահույթով:

Հիմա համեմատենք՝ 2018թ․ 1 մլրդ դրամը գերազանցող շահութահարկ մուծել է 29 ընկերություն: Դրանցից 14-ի մուծումների ծավալը 1-ից 2 մլրդ դրամի սանդղակում է: 2018թ․ 3 մլրդ դրամը գերազանցող շահութահարկ մուծել է 11 տնտեսվարող կազմակերպություն: Հիմա 2019-ի թվերը: 1 մլրդ-ից ավելի հարկ մուծող կազմակերպությունների թիվը նվազել է 1-ով: 3 մլրդ դրամից ավելի շահութահարկ 11-ի փոխարեն մուծել է 7 կազմակերպություն: Փաստորեն, մեր պաշտոնական հաշվետվություններում նկատելի են շահույթ ունենալ-վաստակելու բարդությունները: Իսկ դա հնարավոր օտարերկրյա ներդրողների համար չափազանց նկատելի և նույնքան խոսուն ցուցանիշ է:

Ներդրողները սովորաբար տնտեսական ցուցանիշների նկատմամբ շատ ավելի ուշադիր են, քան, ասենք, քաղաքական կոչ-հրավերների: 2018թ․ խոշոր հարկատուների ցանկում հայտնված 59 կազմակերպության մուծած շահութահարկի տողում գծիկ էր դրված: Ասել է, թե 59 կազմակերպություն շահույթ չէր ունեցել: Հետևաբար շահութահարկ չէր մուծել: 2019թ․ ցանկում շահութահարկ չմուծած կազմակերպությունների համապատասխան տողում գծիկի փոխարեն 0 է դրվել: Կարծում եմ՝ այդպես ավելի անկեղծ է:

Ավելացնենք, որ անցած տարի շահութահարկ չմուծած կազմակերպությունների քանակը ավելացել է 1-ով` 60 կազմակերպություն: Մեկ տարօրինակ փաստ ևս՝ 2018-ի ցանկում շահույթ չունեցած, հետևաբար շահութահարկ չմուծած ամենախոշոր հարկատուն 57-րդ տեղում գտնվող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն էր: Իսկ այս տարվա ցանկում նման կազմակերպությունն աննախադեպության աստիճանի անսպասելի էր: Առաջին տասնյակում կա զրո դրամ շահութահարկով աչքի ընկած կազմակերպություն։

Ահա այսպիսին է 1000 խոշոր հարկատուների ցանկի պատկերը՝ շահութահարկի «տեսանկյունից»: Ցանկ, որ արժանի է լուրջ վերլուծությունների»:

Արա Գալոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ