29 02 2024

Հարկատուները կվճարեն ծառայողական մեքենաների՝ «կարմիր գծերի» կայանման տարեկան՝ 160.000 դրամները. News.am

Հարկատուները կվճարեն ծառայողական մեքենաների՝ «կարմիր գծերի» կայանման տարեկան՝ 160.000 դրամները. News.am

Այս տարվա փետրվարի 20-ի դրությամբ Երևանի ավտոկայանատեղիների «Ա» և «Բ» գոտիներում կայանման համար վճարվել է ընդհանուր 677,6 մլն դրամ գումար, որը կրկնակի ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից ստացված տվյալները:

Մասնավորապես՝ փետրվարի 20-ի դրությամբ ավտոկայանատեղի «Ա» գոտում կայանելու համար  տարեկան դրույքաչափին համապատասխան (160.000 ՀՀ դրամ) կատարվել է 3652 վճարում: Այսինքն միայն «Ա» գոտու կայանման համար քաղաքապետարանը ստացել է 584.320.000 դրամ գումար: Իսկ «Բ» գոտում կայանելու համար (24.000 ՀՀ դրամ)՝ իրականցվել է 3887 վճարում, այսինքն  93.288.000 դրամ: Համեմատության համար նշենք, որ 2023թ. փետրվարի դրությամբ՝ ավտոկայանատեղի կայանման համար 12 000 դրամ տարեկան գումարը վճարվել է շուրջ 30.000 մեքենայի համար, ինչը կազմում է 360 մլն դրամ:

NEWS.am-ի տեղեկություններով տարեկան վճարում կատարած մեքենաների մեջ զգալի թիվ են կազմում նաև ծառայողական ավտոմեքենաները, որոնց տարեկան վճարը փոխանցվում է պետբյուջեից՝ ՀՀ հարկատուների հաշվին: Կարմիր գծերի տարեկան վճարներն իրականացրած ծառայողկան մեքենաների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ստանալու ակնկալիքով դիմել էինք քաղաքապետարանին, սակայն այնտեղից մեզ պատասխանել են, որ ծառայողական մեքենաների մասով առանձնացված հաշվառում չեն իրականացվում, ուստի  այդ մասով առանձին տվյալներ հնարավոր չէ տրամադրել:  

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 1-ից կարմիր գծերում կայանման արժեքները շեշտակի թանկացել են, մասնավորապես՝ «Ա» գոտում (Կենտրոն) կայանելու տարեկան արժեքը սահմանվել է 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում (Արաբկիր) կայանելու տարեկան վճարը կազմում է 24 հազար դրամ։ Այս փոփոխությամբ քաղաքային իշխանությունները նպատակ ունեին սահմանափակել տարեկան կայանելու հնարավորությունը՝ հիմնական շեշտը դնելով ժամով և օրով կայանելու վրա, այդպիսով նպաստելով քաղաքի բեռնաթափմանը, մինչդեռ վարորդները կփաստեն, որ օրվա ցանկացած ժամի Կենտրոնում ազատ «կարմիր գիծ» գտնելը, գրեթե անհնար է: Այսպիսով մնում է արձանագրել, որ կայանատեղիների դրույքաչափերի փոփոխությունը քաղաքային բյուջեն լցնելու հերթական հաջողված փորձն էր, որն իրականացվում է ոչ միայն վարորդներին գրպանելու, այլև մեր՝ հարկատուների հաշվին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ