Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը, հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
Սահմանափակման հիմքը Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում նշված հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունն է: Արգելանքը կգործի մինչև այդ տարածաշրջանում թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերացման մասին ԿԱՀ-ի պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը