Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու մարզպետների խորհրդակցությանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է որակել ոլորտային հարցերի քննարկման այս ձևաչափը։ Արսեն Թորոսյանը խնդրել մարզպետներին հետևողական լինել մարզերի նախակրթական և հանրակրթական հաստատություններում սանիտարական նորմերով պահանջվող ջերմային ռեժիմի պահպանմանը։
Քննարկվել է 2019թ․ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքի ընթացիկ վիճակը։
Անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք, պայմանավորված եղանակային պայմաններով, նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։ Նախարարը տվել է հանձնարարականներ՝ շինաշխատանքների ընթացքում հայտնաբերված թերություններն ու նախանշված ժամկետների խախտումներն արձանագրելու և շինկազմակերպությունների հետ դրանք վերացնելուն ուղղված հետևողական աշխատանք տանելու ուղղությամբ։
Ամփոփվել են 2019թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքները։ Նշվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3 մլրդ դրամով։ Անդրադարձ է եղել նաև Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակում նախատեսվող տոնավաճառին և ամանորյա միջոցառումներին մարզերի կոլորիտային ներկայացվածությունն ապահովելուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը