11 12 2019

Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ. Թադևոս Ավետիսյան

Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ.  Թադևոս Ավետիսյան

Իշխանափոխությունից առաջ՝ 2017 թվականից սկսած, կայուն աճում է գրանցված աշխատողների թվաքանակը։  Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«Վերջին տվյալները պաշտոնական վիճակագրությամբ դեռևս չի հրապարակվել, սակայն վարչապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81534 նոր աշխատատեղ»:

Իրականում խոսքը վերաբերում է պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի աճին, որը մեծ ոգևորությամբ, պարբերաբար ներկայացվում է օրվա իշխանությունների կողմից:

Այս ցուցանիշի աճի միտումների և դրանց սոցիալական ուղղակի ազդեցության վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև այլ փաստեր:

Նախ պետք է արձանագրել, որ իշխանափոխությունից առաջ՝ 2017 թվականից սկսած, կայուն աճում է գրանցված աշխատողների թվաքանակը: Ավելին՝ այս ընթացքում աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է 2018 թվականի առաջին 4 ամիսներին՝ նախորդ իշխանությունների օրոք:

Մասնավորապես, 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակը 509549-ից հասավ 538317: Այս ընթացքում գրանցված աշխատողների թվաքանակն աճել է 28768-ով: Այսինքն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակի միջին ամսական աճը կազմել է 7192 (հղումը):

Իսկ գործող իշխանությունները հետևողականորեն անտեսում են բնութագրական հետևյալ խնդիրը՝

իշխանափոխությունից հետո (2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի նոյեմբեր) գրանցված աշխատողների թվաքանակի ամսական միջին աճը 40 տոկոսով նվազել է և կազմում է 4292՝ հաշվի առնելով այդ ժամանակահատվածում գրանցված աշխատողների թվաքանակի աճի ցուցանիշը՝ 81534:

Սոցիալական ազդեցության և գործազուրկների թվաքանակի իրական կրճատման տեսանկյունից էլ հատկանշական է հետևյալ հարցադրումը.

«Ավելացող աշխատատեղերի ո՞ր մասն են կազմում ստվերից դուրս բերված աշխատատեղերը և ո՞ր մասն է բաժին ընկնում իրականում նոր ստեղծված աշխատատեղերին»:

Այս հարցին պատասխանելու համար պաշտոնական վիճակագրությունից բերենք բնութագրական որոշ ցուցանիշներ:

Նախ՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակն աճել է 46000–ով:

Այդ նույն ժամանակահատվածում զբաղվածության պետական գործակալությունում գրանցված չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը եղել է 12385, որից ընդամենը 220-ը՝ նոր ստեղծված աշխատատեղեր (հղումը, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականին՝ ըստ ամիսների հրապարակումներ, բաժին 1.4.1):

2019 թվականի հոկտեմբերի դրությամբ աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը կազմում է 45577, որոնցից շուրջ 12000-ը կամ 26 տոկոսը համագործակցում են զբաղվածության պետական գործակալության հետ (հղումը): Այս համամասնությամբ գնահատած՝ զբաղվածության պետական գործակալության հետ չհամագործակցող կազմակերպություններում նոր ստեղծված աշխատատեղերի թիվը կստացվի շուրջ 630:

Փաստորեն՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նոր ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը 850 է՝ 220 + 630, որը կազմում է այդ ժամանակահատվածում նոր գրանցված աշխատողների թվաքանակի (46000) շուրջ 2 տոկոսը:

Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարում գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության իրական պատկերի վրա չունի ուղղակի ազդեցություն:

Պատկերն ամբողջական ներկայացնելու առումով գործող իշխանություններին առաջարկում ենք զուգահեռաբար անդրադառնալ նաև վերը բերված առարկայական փաստերին և մտահոգիչ միտումներին»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ