18 11 2019

Նիկոլը մարդկանց աչքին թոզ է փչում․ Արթուր Թովմասյան

Նիկոլը մարդկանց աչքին թոզ է փչում․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է․

«Ստվերում մնաց երկրի թիվ մեկ քաղաքական փաստաթղթի «ԲՅՈՒՋԵ»-ի քննարկումը։ Նիկոլը մարդկանց աչքին թոզ է փչում:

Բյուջեի քննարկումը քաղաքական իշխանության կողմից մի տեսակ անտեսվեց՝ մղվեց երկրորդ պլան։ Այդ անտեսման հիմնական մեղավորներից մեկը հենց իշխող մեծամասնությունն էր, քանի որ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները կամ բացակայում էին, կամ ուղղակի նախապես մշակած և նախատեսված մի քանի «հերթապահ» հարցեր էին տալիս։

Այստեղ առանձնահատուկ էր այն, որ Նիկոլը, լինելով վարչապետ և բյուջեի հիմնական պատասխանատուն, նախ նախագիծը ներկայացրեց մի քանի բառով, ապա շատ շտապ հեռացավ խորհրդարանից։ Շատերը հավանաբար հիշում են, թե ինչպես էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը տարիներ շարունակ հիպերակտիվ կերպով մասնակցում բյուջետային քննարկումներին և, քարը քարին չթողնելով, թիրախավորված ներկայացնում իշխանության «բացթողումները», սակայն այսօր ոչ միայն վարչապետ Նիկոլը, այլև իր պառլամենտական թիմը երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթին մակերեսորեն վերաբերվեցին։

Ըստ էության՝ կառավարությունն իր նմանօրինակ վարքագծով ցույց տվեց, որ, ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ տարվա ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձրել պետբյուջեով հաստատված ցուցանիշների վրա, և բյուջեն ներկայացնում են՝ որպես զուտ պարտականություն։ Այն, ինչին ականատես եղանք նախօրեին ԱԺ-ում, դասական սոցիալ-պոպուլիզմ էր, որը փայլուն կերպով մատուցվեց Նիկոլի կողմից։ Բյուջետային քննարկումն ավելի շատ հիշեցնում էր բաժակաճառ, քան պետության ղեկավարի պետբյուջեի քննարկման ժամանակ արված հայտարարություն։ Նիկոլը իր խոսքում մի քանի անգամ օգտագործեց «աննախադեպ բյուջե» ձևակերպումը, ինչը ոչ միայն՝ անհասկանալի, այլև՝ ակնհայտ ամբոխավարական ձևակերպում է, ինչի մասին, ի դեպ, մի քանի պատգամավորներ բարձրաձայնեցին:

Ի դեպ այս տեղ պետք է փաստել, որ այս ամենի հետ մեկտեղ՝ Նիկոլի կառավարությունը ավելացրել է արտաքին պետական պարտքը, հավելենք, որ խոսքն այն նույն Նիկոլի մասին է, ով իր պատգամավորական գործունեության ժամանակ դեմ է քվեարկել գրեթե բոլոր վարկային համաձայնագրերին և ԱԺ ամբիոնից անընդհատ հայտարարում էր, որ «անթույլատրելի է ավելացնել արտաքին պարտքը, քանի որ հնարավոր չէ վերահսկել և կառավարել այդ վարկերը»։

Այստեղ անդրադառնանք մի կարևոր հանգամանքի, պետբյուջեով նախատեսված ծախսային հատվածում տիրում է «բարդակ», ինչի արդյունքում իշխանությունները դիմել էին մի յուրահատուկ խորամանկության։ Ըստ այդմ՝ որպեսզի հանրությանը ցույց տան, թե ինչքան «պուպուշն» ու «ժողովրդական» է «թավշյա», Նիկոլը և իր կառավարությունը, ծախսային մասով նախատեսված հիմնական գումարներն ուղղորդել էին ճանապարհաշինության և ասֆալտապատման ուղղությամբ (330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, Նիկոլ. : https://armtimes.com/hy/article/174023 …), իսկ մնացած ենթակառուցվածքներում գրեթե ոչ մի էական տեղաշարժ չի գրանցվել (դպրոցաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային այլ ծառայություններ մատուցող հիմնարկներին հատկացվող դրամական միջոցներ և այլն)։

Սա արվում է հանրության մոտ հերթական աչքկապոցին ապահովելու և «հռոմեական գլադիատորական տեսարանն» ապահովելու համար, քանի որ, ինչպես հիշում ենք, Հին Հռոմում կայսրերը, որպեսզի ժողովրդին կտրեն երկրում տիրող իրական պատկերից, նրանց համար հատուկ կազմակերպում էին գլադիատորական մարտեր։

Հ.Գ. Թիվ մեկ քաղաքական փաստաթղթը «բարի ցանկությունների» ու «քաղցր կենացների» ժողովածու չէ, որպեսզի հերթական դեմագոգիկ արտահայտություններով ամեն մի թիվն ու «ձեռքբերումը» հանրությանը մատուցես սեփական քաղաքական քիմքին հաճելի սոուսով։

Հ.Գ.Գ. Նիկոլական «կորպուսը» լծվել էր ասֆալտի «փռման» գործին, որպեսզի այս հաշվետվության ժամանակ հպարտանալու առիթ ու հարթակ ունենան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ