Aysor.am-ը գրում է․ «Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը հայտարարել է, որ «Doing Business 2020» զեկույցը Հայաստանի մասով որևէ անճշտություն չի պարունակում։
Սալթայնի խոսքով՝ փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն:
Այս պնդումը, սակայն, որոշ անճշտություններ է պարունակում։ Aysor.am-ի փոքր ուսումնասիրությունը ցույց է տալիս հակառակ պատկերը: Մասնավորապես, Մալթայնի նշած ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող մասնավոր ընկերությունները ոչ թե 7-ն են, այլ 10-ը, ինչի մասին տեղեկանում ենք Հայաստանի Ֆոնդային բորսայի կայքից։Մեկնաբանության համար Aysor.am-ը դիմել է Կենտրոնական բանկ։ Կառույցի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցուցակված ընկերությունների մասին տեղեկատվությունը հասանելի է բորսայի կայքում և դա ակնհայտ փաստ է։
«Հայաստանի Կենտրոնական բանկի մասնագետները կոմունիկացիայի մեջ են Համաշխարհային բանկի համապատասխան մասնագետների հետ, որպեսզի ավելի հստակեցվի, թե հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունը և որոշակի տվյալների հավաքագրումը ինչ ճանապարհով է կատարվել, որը և տարընթերցումների տեղիք է տալիս», - ընդգծեց Հարություն Բերբերյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը