15 10 2019

Սա յազվայություն չէ, պատրաստ եմ Փաշինյանի հետ հանդիպել եթերում. Հրանտ Բագրատյան

Սա յազվայություն չէ, պատրաստ եմ Փաշինյանի հետ հանդիպել եթերում. Հրանտ Բագրատյան

Իմ կողմից շատ հարգված էկոնոմիկային նախարար Տ.Խաչատրյանը փորձել էր պատասխանել 2 օր առաջ ֆեյսբուքի իմ էջում կատարած վերլուծությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հիշեցնեմ, այդ ստատուսում ես ասել էի. «Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ... Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն, մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն, միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում»։

Պ-ն Խաչատրյանը բեռնափոխադրումների խայտառակ թվերին չէր անդրադարձել։ Բետոնատարության մասով ասել էր, որ այն բացատրվում է ջերմոցների շինարարությամբ։ Եվ նորից կիքս. ամբողջ շինարարության միայն 5%-ն է եղել գյուղատնտեսության ոլորտում։ Եթե մի ֆանտաստիկ հնարքով մտածենք, որ այդտեղ բետոնի ծախսը 0 է, իսկ 2018-ին ընդհանրապես ջերմոց չի կառուցվել (իհարկե, դա այդպես չէ), ապա միավոր շինարարության բետոնատարությունը, միևնույնն է, իջել է 11%-ով։ ՀնԱ-ի էլեկտրաէներգատարության իջեցումն էլ նախարարը բացատրել է Ալավերդում կոմբինատի չաշխատելով։ Բա, պարզվում է Ալավերդին ՀՀ Էլ-էներգիայի 10%-ն էր սպառում։ Իսկ 2019-ին էլէներգիայի սպառման նոր միացումներ չեն եղել։ Ճիշտ կլինի, որ նախարարը թվերով հաստատեր իր ասածը։

Պատասխանն, իհարկե, էլ ավելի ծիծաղելի վիճակի մեջ է դնում կառավարությանն ու վիճակագրությանը։ Իրականում սա յազվություն չէ։ Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ նույնիսկ այդ ողորմելի վիճակագրական թվերը կեղծված են։ Պատրաստ եմ նրա հետ հանդիպել եթերում և այդ ամենը քննարկել։ Ինչպես նաև ցույց տալ, որ եթե անցում չկատարվի ներդրումային քաղաքականությանը, շարունակվի ՍՍ-ի տիգրանսարգսյանական-վաչեգաբրիելյանական-ներսեսյերիցյանական-արթուջավադյանական-վարդանարամյանական և այլոց քաղաքականությունը (իսկ հիմա դա է արվում), ապա կորած ենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ