29 09 2019

Սինգապուր-ԵՏՄ համաձայնագիրը նոր հնարավորություն կստեղծի բիզնեսի համար. Փաշինյան

Սինգապուր-ԵՏՄ համաձայնագիրը նոր հնարավորություն կստեղծի բիզնեսի համար. Փաշինյան

Սեպտեմբերի 29-ին կայացավ Սինգապուրի և ՀՀ վարչապետների մամուլի ասուլիսը։

 Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն իրենց երկրի համար ԵԱՏՄ-ում կարևոր գործընկեր ու համախոհ է համարում Հայաստանը: 

«Ինձ համար պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելել: Ձեր երկրի փորձը և հմայքը, որի մասին շատ էի լսել, ուզեցի անձամբ տեսնել: Մեր երկրները ջերմ կապեր ունեն, որոնք 19-րդ դարից են սկիզբ առնում: Հայկական եկեղեցի ունենք, որն ամենահինն է Սինգապուրում: Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետի հետ խոսել ենք բազմաթիվ թեմաներից: Քննարկեցինք մեր երկկողմ կապերը, ԵԱՏՄ-ի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը: Հայաստանը համախոհ ու կարևոր գործընկեր է Սինգապուրի համար ԵԱՏՄ-ում, առաջին հայացքից մեր երկու պետությունները շատ տարբեր են, աշխարհագրական առումով էլ շատ տարբեր են, բայց երկուսս էլ կարևորում ենք ազատ և բաց առևտուրը, կրում ենք իրավունքի գերիշխանության արժեքները միջազգային հարթակներում»,- ասաց Լի Սյեն Լուն:

Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի վարչապետները երկկողմ համագործակցության համար երկրների միջև հեռավորությունը խոչընդոտ չեն համարում։

«Հեռավորությունն ու պատմությունը գործոն են, բայց հարաբերությունների զարգացման առաջ մղման ներուժը միշտ կա, և մենք շատ բան կարող ենք անել դրա համար: Մենք համագործակցության մի շարք հուշագրեր ենք ստորագրել: Սրանք գործնական բաներ են, որոնք մենք կարող ենք անել, որպեսզի խթանենք երկու պետությունների միջև համագործակցությունը. միասին կարող ենք աշխատել մեր տարածաշրջաններում, որպեսզի խորացնենք տարածաշրջանի երկրների հետ կապերը: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, Հայստանը ՄԱԿ-ում փոքր պետությունների ֆորումի անդամ է, մենք աշխատում ենք միասին, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք, առաջ տանենք մեր շահերը, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել ու առաջ մղել մեզ երկուսիս մտահոգող հարցերը»,- նշեց Սինգապուրի վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նման այցերը ևս կրճատում են հեռավորությունը:

«Այս այցերի շնորհիվ Սինգապուրն ու Հայաստանը մոտեցել են իրար, և սա համագործակցության լավ հենք է ստեղծում: Տուրիզմի տեսանկյունից մենք լայն հնարավորություններ ունենք համագործակցության համար: Ես շատ կցանկանամ, որ ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ լինեն Սինգապուրում, տեսնեն, զգան այդ երկիրը, և ավելի մեծ թվով Սինգապուրի քաղաքացիներ այցելեն Հայաստան, տեսնեն, զգան մեր երկիրը: Ի վերջո, 21-րդ դարում տարածությունը կրճատելու շատ կարևոր գործիք կա, դա համագործակցությունն է տեխնիկական ոլորտում: Ուրախ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք պետք է համագործակցենք: Հավատում եմ, որ փոխադարձ ջանքերով կկարողանանք կրճատել այն տարածությունը, որը կա ՀՀ-ի ու Սինգապուրի միջև»,- ասաց Փաշինյանը:

Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվելիք ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետը։

«Այս համաձայնագիրը այն մասին է, որ նոր հնարավորություններ ու պայմաններ են ստեղծվում բիզնեսի համար՝ ներդրումների ու առևտուրի առումով: Նմանօրինակ այցերը միջոց են փոխադարձ մեր ներդրողների ուշադրությունը հրավիրել Սինգապուրում և Հայաստանում գործունեություն ծավալելու վրա: Կարծում եմ, որ ՀՀ-ն շատ բան ունի առաջարկելու Սինգապուրին, և Սինգապուրը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Արտահանման մեծ հնարավորություններ կան: Մենք ամեն ինչ անում ենք ուշադրություն հրավիրելու համար, մենք չենք կարող բիզնեսմենին պարտադրել ներդրում անել ինչ-որ տեղ, մենք կարող ենք անել առավելագույնը, որ ներդրումները լինեն ձեռնտու»,- ասաց Փաշինյանը:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը նշեց, որ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սինգապուր էականորեն նպաստեց համաձայնագրի կնքմանը:

«ՀՀ-ն շատ առումներով խթան է հանդիսացել, որ ստորագրվի այդ համաձայնագիրը: Այն կնվազեցնի առևտրի սակագնային խոչընդոտները: Այս պահի դրությամբ՝ ՀՀ-ի ու Սինգապուրի միջև շրջանառության ծավալը փոքր է: Մասամբ դա պատմական պատճառ ունի, որովհետև նախկինում մեծ շփում չենք ունեցել: Ես հուսով եմ, որ երբ ծավալներն ավելանան, կապերը կշատանան, և դա մեզ հնարավորություն կտա ավելին անել միասին»,- ընդգծեց Սինգապուրի վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ