Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն համատեղ ջանքերով:
Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ: Այս մասին հայտնել է իրանական ԻՍՆԱ-ն։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է օգտագործել ազգային արժույթները Հայաստանի հետ երկկողմ առևտրում:
«Տնտեսական հարաբերությունները կբարելավվեն բանկային կապերի համատեքստում, եւ մենք կարող ենք թեթեւացնել և արագացնել երկու երկրների առեւտրային կապերը՝ օգտագործելով ազգային արժույթները»,- ավելացրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը