17 05 2019

Տնտեսական զարգացման նախարարի հետ քննարկել են դեղերի ոլորտի խնդիրները

Տնտեսական զարգացման նախարարի հետ քննարկել են դեղերի ոլորտի խնդիրները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի խնդիրները («Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա», «Էսկո ֆարմ», «Թի-ֆարմա», «Լիկվոր», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-լես», «Թուֆենքչի գրուպ», «Ֆարմատեք»)։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեղարտադրողները ներկայացրել են միջազգային GMP` պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխանելու հավաստագրի ստացման հետ կապված խնդիրները։

Ի թիվս ոլորտի այլ խնդրահարույց հարցերի՝ քննարկվել են դեղերի գրանցման, վերագրանցման և դրանց վճարների հետ կապված խնդիրները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է նախորդ տարվա ընթացքում գրանցված արտադրության և արտահանման ծավալները և դինամիկան, դրանց նպաստող կամ խոչընդոտող պատճառները։

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև արտահանման և մարքեթինգի հետ կապված որոշ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ՀՀ դեղ արտադրողների միությունը» կներկայացնի  խնդիրների և առաջարկությունների ամփոփաթերթ։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խնդիրները կդասակարգվեն ըստ կարգավորման առաջնահերթության, և ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար կտեղեկացվեն դրանց լուծման առաջընթացի վերաբերյալ։

Դեղարտադրողները շնորհակալություն են հայտնել քննարկման և նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ