Հայաստանի կենտրոնական բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.75%:
ԿԲ խորհրդի նիստում արձանագրվեց, որ 2019թ-ի մարտին գրանցվել է 0.1% գնաճ, որը, ի տարբերություն նախորդ ամիսների, այս ամիս հիմնականում պայմանավորվել է «Ոչ պարենային ապրանքներ» ապրանքախմբի գների փոփոխությամբ: Մասնավորապես, ամսվա ընթացքում աճել են «Հագուստ եւ կոշիկ» եւ «Վառելիք» ապրանքախմբերի գները՝ համապատասխանաբար 2.1% եւ 0.2% (ընդհանուր նպաստումը ամսվա գնաճին՝ 0.1 տոկոսային կետ):
Մարտին դիտվել է նաեւ «Միրգ» եւ «Հացաբուլկեղեն եւ ձավարեղեն» ապրանքախմբերի գների աճ՝ համապատասխանաբար 1.3% եւ 1.0%, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է 0.13 տոկոսային կետ, այն դեպքում, երբ «Սննդամթերք» ապրանքախմբի մնացած ապրանքների գների նվազումն ամբողջությամբ չեզոքացրել է այդ ազդեցությունը գնաճի վրա եւ դեռ զսպել այն 0.04 տոկոսային կետով: Մարտին 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%, քանի որ նախորդ տարվա մարտին եւս արձանագրվել էր 0.1% գնաճ: Կայուն վարքագիծ է ցուցաբերել նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը՝ պահպանվելով նախորդ ամսվա 1.3% մակարդակում:
Խորհուրդն անդրադարձավ ձեւավորված տնտեսական միջավայրին եւ փաստեց, որ, ինչպես եւ սպասվում էր, 2019թ-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը բավականին բարձր է եղել՝ 6.5%, որն հիմնականում պայմանավորվել է ծառայությունների եւ շինարարության ոլորտների աճերով: Ներքին պահանջարկի վրա գերակշռող է մնում մասնավոր սպառման բարձր աճի ազդեցությունը, ինչն ուղեկցվել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությամբ:
Այդուհանդերձ գնահատվում է, որ այն տարվա երկրորդ կեսին կփոխհատուցվի՝ պետբյուջեի ծախսերի ավելացման հաշվին, եւ տարվա արդյունքներով հարկաբյուջետային ազդակը ներքին պահանջարկի վրա կլինի չեզոք:
Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն պահպանվել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը եւ ցածր համաշխարհային պահանջարկը: Միեւնույն ժամանակ, հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը մնում է թույլ: Այս իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերը հայտարարում են, որ առաջիկայում կապահովեն սպասվածից առավել մեղմ դրամավարկային պայմաններ:
Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները եւ արձանագրվեց, որ, մարտ-ապրիլ ժամանակահատվածում ֆինանսական շուկայի տոկոսադրույքները հիմնականում ձեւավորվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ՝ պահպանելով որոշակի կայունություն:
Իրավիճակային հաշվետվության եւ արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը:
Քննարկվեց երկու տարբերակ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու եւ իջեցնելու:Ստեղծված իրավիճակում, կրկին նախապատվություն տալով գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով նաեւ արտաքին եւ ՀՀ տնտեսություններից առաջիկայում էական գնաճային ազդեցությունների բացակայությունը (համաշխարհային եւ ներքին թույլ պահանջարկի պահպանմամբ պայմանավորված):
Խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն կպահպանի խթանող պայմաններն անհրաժեշտ երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ:
Խորհուրդը քննարկեց նաեւ առկա գնաճային ռիսկերը, որոնք հիմնականում նվազման ուղղությամբ են՝ կապված հնարավոր ավելի թույլ մասնավոր պահանջարկի եւ ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ։ Նշված ռիսկերի դրսեւորման պարագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանք՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար։
Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը եւ առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը