2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է 0.2%, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ պահպանվել նախորդ ամսվա ընթացքում արձանագրված 1.3% մակարդակում:
Համաշխարհային տնտեսության աճի արձանագրված դանդաղ տեմպերը համահունչ են ԿԲ կանխատեսումներին, ինչն արտահայտվում է նաև համաշխարհային պահանջարկի թուլացմամբ և հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը նախանշում են ապահովել սպասվածից առավել մեղմ դրամավարկային պայմաններ: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ 2019 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը սպասվածին համահունչ բարձր է եղել՝ կազմելով 6.5%, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման աճը: Միաժամանակ, տարվա անցած 4 ամիսների արդյունքներով հարկաբյուջետային քաղաքականությունը ներքին պահանջարկի վրա ունեցել է սպասվածից ավելի զսպող ազդեցություն՝ ի հաշիվ նախատեսվածից զգալիորեն փոքր պակասուրդի ձևավորման: Սակայն ենթադրվում է, որ տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում չեզոք ազդեցություն կունենա գնաճի վրա, քանի որ ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին կփոխհատուցվի նախկինում ներքին պահանջարկի վրա դրսևորված զսպողական ազդեցությունը:
Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանող մակարդակը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ:
Նշենք նաև, որ գնաճի՝ նվազման ուղղությամբ ռիսկերը պահպանվում են՝ կապված հնարավոր ավելի թույլ մասնավոր պահանջարկի և ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ։ Ցանկացած իրավիճակում, Կենտրոնական բանկը հետևողական կլինի առկա ռիսկերի զարգացումների ու դրսևորման դեպքում համապատասխանորեն արձագանքելուն՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի ապահովման համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը