Քիչ առաջ «Կասեցում» քաղաքացիական շարժման անունից հանդիպում ունեցա ՊԵԿ-ի ներքին անվտանգության և վերահսկողության բաժնից Պրն. Կարեն Համբարձումյանի հետ: Այս մասին ֆեյսբուքում գրել է շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը:
«Քննարկեցինք տնտեսվարողներին ՀԴՄ շահագործման կանոնների խախտման տուգանքների հետ կապված առկա խնդիրները: Այստեղ անելիք ունի և´ ՊԵԿ-ը, որտեղ պետք է վերացվեն բոլոր այն դրույթները, որոնց առկայության պատճառով տեսուչը շահագրգիռ է լինում անպայման տուգանք արձանագրել, և´ հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է բարձրացնեն տնտեսվարողների իրավագիտակցությունը, և´ տնտեսվարողները՝ ավելի օրենքի և սպիտակ առևտրաշրջանառության սահմաններում գործելով: Նման խնդիրների վերացման համար ՊԵԿ-ում պետք է վերանայվեն արձանագրվող տուգանքների քանակության չափանիշները (պլան): Տեսուչը չպետք է ամեն կերպ փորձի տուգանք արձանագրել՝ համոզելով, խառը իրավիճակ ստեղծելով, նման այլ սցենարներ խաղարկելով: Տնտեսվարողները պետք է հասկանան, որ տվյալ տեսուչը չի կարող երբևիցե որոշել, թե 2-րդ կամ 3-րդ ստուգում կբացվի, թե ոչ: Ստուգումն առանց տուգանքի փակելով՝ ո´չ տեսուչը, ո´չ տնտեսվարողը խնդիրներ չեն կարող ունենալ: «Կասեցում» քաղաքացիական շարժումը հորդորում է բոլոր տնտեսվարողներին աշխատել բացառապես օրենքի դաշտում և պարտավորվում է խնդիրներ ստեղծել այն պետական պաշտոնյաների համար, ովքեր խնդիրներ են ստեղծում օրենքով աշխատող տնտեսվարողների համար: Այս հանդիպումից պարզ դարձավ, որ ՊԵԿ ղեկավարությունը նույնպես պայքարում է հատուկենտ տեղ ունեցող նման գործելաոճը իսպառ վերացնելու համար:
Նմանօրինակ դեպքերի առնչվելու դեպքում, խնդրում ենք զանգահարել 055055808 հեռախոսահամարով: Անձի գաղտնիությունը երաշխավորում ենք»,-գրել է շարժման համակարգողը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը