16 03 2019

Մեղավորներին գտան․․․Lurer.com

Մեղավորներին գտան․․․Lurer.com

Lurer.com-ը գրում է․ «ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստան ներդրումներ չեն գալիս, քանի որ ընդդիմությունը, մամուլը, ֆեյսբուքյան ակտիվիստները անընդհատ պնդում են, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի:

Սակայն իրականում՝ մամուլի, ընդդիմության և ֆեյսբուքյան ակտիվիստների մտահոգությունները օբյեկտիվ են՝ բխում են Հայաստանում ձևավորված սոցիալ-քաղաքական իրողությունների գնահատականից: Եթե նախկինում տնտեսական քաղաքականության ձախողման մեջ մեղադրում էին նախկին իշխանություններին, «մերժված Սերժին», ասելով, որ մեղմ ասած, վատ ժառանգություն են ստացել, այսօր արդեն պարզվում է՝ մեղավորը ֆեյսբուքյան ակտիվիստներն ու մամուլն է: 

Այսինքն՝ նրանք, ովքեր փորձում են սթափեցնել գործող իշխանություններին, արտահայտելով իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Ի դեպ, ժամանակին այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ եղել են ֆեյսբուքյան ակտիվիստներ, ձեռքի տակ անգամ մամուլ են ունեցել և գրեթե նույն բովանդակության պնդումներ են արել, սակայն ներդրումները Հայաստան եկել են, դա չի խանգարել: Իսկ պատճառը, թերևս, այն է, որ ամերիկացի կամ նորվեգացի ներդրողը չի կարդում ֆեսյբուքյան ստատուսներ, նա բացում է կառավարության էջը և ծանոթանում կառավարության ներդրումային առաջարկություններին՝ առաջնորդվելով իր բիզնես շահերով: 

Իհարկե, իմքայլականները որևէ պարագայում չեն ընդունի, որ ներդրումների բացակայության մեղավորը ոչ թե սոցցանցերի ակտիվիստներն են, այլ ասֆալտին փռելու ակցիաները, ապօրինի կերպով օրինական սեփականությունը բռնագանձելու փորձերը, հարուստներին 70 տոկոսով հարկելու առաջարկությունները, և իհարկե՝ դրակոնյան հարկերը, որոնք այսօր փորձում են ներդնել իշխանությունները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ