05 02 2019

Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը. Վաչե Գաբրիելյան. Aravot.am

Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը. Վաչե Գաբրիելյան. Aravot.am

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար, Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը aravot.am-ում ներկայացրել է ծավալուն տնտեսական վերլուծություն: Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ վերլուծությունից:

«Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը։ Ուրվականը հրապուրում է արդյունավետության ռացիոնալ հմայքով և անարժան աթոռակյացներին այլևս չվճարելու արդարացի զայրույթով։ Այն կարող է հստակորեն չարտաբերվել, սակայն սնել հույզերի և հույսերի հորձանուտ, որը կարող է վտանգավոր լինել պետության թե՛ կայացած, թե՛ կայացող ինստիտուտների համար։ Ուրվականը համամարդկային է և հնամյա, սակայն Օսիրիսի նման հարակենդան, դարեր շարունակ նա մշտապես երիտասարդական ավյունով մարտնչում է հանրային գործառույթների ավելացման, վերաբաշխումների և հավասարար քաղաքականության որևէ դրույթի դեմ։ Ինչպես իր ոխերիմ երկվորյակ կոմունիզմի ուրվականի դեպքում, այս գաղափարի դոմինանտությունը հասարակությունում հասցնում է վնասներ, որոնց վերականգնումը տասնամյակներ կարող է պահանջել։

Տվյալ դիսկուրսը Հայաստանում նոր չէ, սակայն դրա իրացումը հանրային քաղաքականության մեջ սկսել է բյուրեղանալ վերջին տարիներին։ Թեև իշխանությունն ունի գրեթե աննախադեպ մանդատ և վճռական քայլեր իրականացնելու ցանկություն, ցավոք, նախընտրական բանախոսության կարճ ժամանակահատվածը հնարավորություն չընձեռեց լիովին բացահայտել քաղաքական ուժերի ծրագրերի տնտեսական դրույթներն ամբողջությամբ և խորությամբ։ Կարելի է թերևս փաստել, որ ընտրությունն ուժերի միջև էր, և ոչ թե կոնկրետ տնտեսական և սոցիալական գաղափարների։

Այժմ, երբ արդեն կառավարության ծրագիրն է բյուրեղանում, երևի թե հարկ է ընտրական գործընթացից ավելի խորը քննարկել այդ դրույթները։ Մինիմալ պետության գաղափարն այժմ արծարծվում է հիմնականում երկու առումով՝ հարկերի նվազեցման և պետության ծախսերի կրճատման։ Անդրադառնանք երկուսին էլ։ Վերջին տարիներին չափազանց շատ է խոսվում Հայաստանում հարկերի անտանելի բեռի, պրոգրեսիվ հարկման անարդյունավետության վերաբերյալ (դրան վերագրելով ստվերը, արտագաղթը և այլն): Գրեթե ամենուր տնտեսական աճի աղբյուրների փնտրտուքն առաջին հերթին բերում է ամենապարզունակ լուծմանը՝ հարկերի նվազեցմանը (անկախ այն փաստից, որ տնտեսագիտական տեսությունների գերակշիռ մեծամասնությունը հարկերը չի համարում աճը խաթարող հիմնական գործոն)։ Այս լուծումը պարզ է, ցուցադրելի, միանգամից իրականանալի և չի պարունակում այն հետագայում կյանքի կոչելու հետևողական աշխատանք»։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ