Կառավարությունը հունվարի 17-ի իր նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, այս նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարծիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Այդ արտոնությունը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Փաստացի արտոնությունը կգործի 2,5 տարի:
Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածության նվազեցման համար։
Նշենք, որ 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ ներկրվել է այդպիսի 28 մեքենա, իսկ 2018 թվականին՝ 33 մեքենա:
Իր հերթին Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը դեմ արտահայտվեց նախագծին՝ նշելով, որ հիմնավորման կարիք ունի, որ միայն մեքենաների թիվն ավելացնելը բավարար նպատակ է հարկային արտոնություն սահմանելու համար: «Ընդամենը ենթադրություն է, որ եթե չլիներ ավելացված արժեքի հարկը, մենք 33 մեքենայի փոխարեն կունենայինք 333 մեքենա: Նաեւ միանշանակ չէ, որ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից լուրջ ձեռքբերում ենք ունենում: նաեւ այդ ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները ինչ-որ ժամանակ անց ուտիլիզացման խնդիր է առաջանում, որի գնահատականները բացակայում են: Տպավորություն է, որ ավելի շատ առաջնորդվում ենք ժամանակակից տրենդով, քան ունենք հստակ հաշվարկ, թե ինչ ենք ակնկալում այդ ամենի արդյունքում»,-ընդգծեց Ջանջուղազյանը՝ կոչ անելով հարկային արտոնություններին վերաբերվել խնամքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ հարցին.
«Եթե մենք այսօր ունենք 10 էլեկտրամոբիլ եւ 50 հազար դոլարի հարկ ենք գեներացնում, եթե 2 տարվա ընթացքում պետք է հասնենք նրան, որ տարեկան 200 էլեկտրամոբիլ ներկրվի, հետագայում մենք հետ ենք բերելու այն գումարը, որն այսօր կորցնում ենք: Իսկ եթե չի աշխատում, եթե շարունակելու են չբերել, պետք է մտածենք՝ ինչ անենք»,-ասաց Փաշինյանը:
Ի վերջո, երկան քննարկումներից հետո նախագիծն ընդունվեց, թեև Ատոմ Ջանջուղազյանը դեմքվեարկեց, այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Նշենք, որ սա կառավարության առաջին որոշումն էր, որը չընդունվեց լիակատար համաձայնությամբ: Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային համակարգի ներդրման որոշման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր որոշումները կառավարությունը պետք է ընդունի կոլեգիալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը