13 12 2018

«ՄՏՍ Հայաստան»-ը գնում է «Ռոստելեկոմ»-ին պատկանող ընկերությունը

«ՄՏՍ Հայաստան»-ը գնում է «Ռոստելեկոմ»-ին պատկանող ընկերությունը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի բաժնետոմսերը օտարելուն համաձայնություն տալու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ–ն։

Հանձնաժողովի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է.«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2018 թվականի նոյեմբերի 30-ի №05/11.1/19294-18 և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի նոյեմբերի 5-ի գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. 

1. Համաձայնություն տալ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետեր հանդիսացող, Կիպրոսի Հանրապետությունում գրանցված «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը (5000 բաժնետոմս) վերջինիս միակ բաժնետեր հանդիսացող «Ռոստելեկոմ Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանն օտարելուն: 

2. «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի կնքումից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել դրան առնչվող փաստաթղթերը։ 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»:

Նշենք, որ «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին: 2012 թվականի փետրվարին ընկերությունը դարձել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ: 2012 թվականի դեկտեմբերի 18-ից «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ