Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը որակում է որպես ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձ: Փաստենք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից պաշտոնապես քաղբանտարկյալ հռչակված Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և անազատության մեջ գտնվող մեր պայքարի մյուս ընկերների ցանկին ավելացան նաև Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ Նարեկ Սամսոնյանի պարագայում ձերբակալությունն իրականացվել է անհամաչափ ուժի, իսկ առանձին դրվագներում՝ նաև սադիզմի դրսևորումներով:
Ընդդիմադիր հայացքներով գործիչների նկատմամբ օրինապահ և դատական համակարգերի հակաօրինական օգտագործման համատեքստում առավել զավեշտալի են դառնում խոսքի և համացանցի ազատության, ինչպես նաև օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության և ժողովրդավարության մակարդակի բարձրացման մասին Հայաստանի այսօրվա կառավարիչների կեղծ հայտարարությունները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրում է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը