2018-ին համախառն ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է, որ կլինի 23,3 տոկոս, իսկ 2019-ի համար կանխատեսումը 23,6 տոկոս է: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2018-ի համար սպասվում է, որ արտահանում/ՀՆԱ ցուցանիշը կլինի 38,7 տոկոս, իսկ 2019-ին կլինի 41 տոկոս:
Ատոմ Ջանջուղազյանը խոստովանեց, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, կլինեն կրճատումներ: Միաժամանակ, նա հավելեց, որ դա միանշանակ կհանգեցնի աշխատավարձերի բարձրացման. «Խոսքը չի վերաբերում փող կրճատելուն, այլ գործառույթները կատարվող աշխատանքին համապատասխանեցնելուն: Այդ դեպքում կունենանք լավ արդյունք: Օրինակ Ֆինանսների նախարարությունում 3,6 մարդուց մեկը ղեկավար է: Սա ամենաարդյունավետ կառավարման եղանակը չէ: Ղեկավարը գին ունի: Եթե 8-9-ից մեկը ղեկավար լինի, մենք մոտ 20 տոկոսով լրացուցիչ վարձատրության տեղ ենք ունենում»,-նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:
Դիմելով Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց՝ Կառավարության ծրագրում նշված է, որ հեղափոխությունից հետո դրական սպասումները վերածվելու են ներդրումների հոսքի:
Մինասյանն ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում կապիտալ ներդրումներն աճել են 76 տոկոսով, տարեկան կտրվածքով կաճեն ընդամենը 37,2 տոկոսով, իսկ 2019-ին աճը կլինի 6,9 տոկոս. «Մասնավոր ներդրումների աճը 2018-ի առաջին կիսամյակում 86,9 տոկոս է, իսկ 2018-ի ողջ տարվա ընթացքում 52 տոկոս: Բաից այդ մասնավոր ներդրումների աճը 2019-ին կկազմի ընդամենը 3 տոկոս:
2017-ին ՀՆԱ աճը կազմել է 7,5 տոկոս, 2018-ի համար կանխատեսվում է 6,5 տոկոս, իսկ 2019-ի համար՝ 4,9 տոկոս»,-նշեց Գագիկ Մինասյանը՝ ի ցույց դնելով, որ ցուցանիշները գնալով վատանում են, թեեւ կառավարության ծրագրում այլ բան է գրված:
Ի պատասխան պատգամավորի՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ամեն տարի էլ առաջին կիսամյակում ավելի լավ ցուցանիշներ են լինում, քան տարվերեջին արձանագրված ցուցանիշները. «Երկորդ, որեւէ իրադարձություն չի կարող չունենալ ժամանակային լագ: Ակնհայտ է, ցանկացած իրադարձության կամ փոփոխության ազդեցություն հենց այդ պահին չեք տեսնում»: Նա նաեւ հավելեց, որ Գագիկ Մինասյանը համադրում է ոչ համադրելի ցուցանիշներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը