Նոր կառավարությունը խոստանում է ուշադրություն դարձնել երկրի արդյունաբերության զարգացմանը: Սակայն այս ոլորտի մասին որևէ ծրագիր հրապարակված չէ: Հետևաբար՝ դժվար է ասել՝ նոր իշխանությունների հայտարարությունը պարզ պոպուլիզմի դրսևորո՞ւմ է, թե՞ լուրջ մտադրություն: Ի վերջո, մեր հասարակության ավագ խավի մոտ դոմինանտ են արդյունաբերագործարանային Հայաստանի մասին հիշողությունները, գրում է 168․am-ը։
Իսկ ավելի երիտասարդ սերունդն ամեն օր տեսնում է այդ արդյունաբերագործարանային տարածքների ու շինությունների կիսափլատակները: Տեսնում է քիչ թե շատ խոշոր բոլոր բնակավայրերում: Պարզ վիճակագրությունը հուշում է, որ արդյունաբերության ոլորտը ՀՆԱ-ի ընդամենը 17 տոկոսից պակաս մասնաբաժին ունի: Իսկ արդյունաբերության 62 տոկոսը բառացիորեն կապված է գյուղմթերքների վերամշակման հետ:
Հետևաբար՝ ամենամեծ ցանկության դեպքում էլ Հայաստանն արդյունաբերական երկիր համարելը մեծ չափազանցություն կհամարվի: Տեսեք՝ սեպտեմբեր ամսին մամուլն ընդամենը երկու-երեք անգամ է անդրադարձել արդյունաբերությանը (եթե խաղողի մթերումները չհաշվենք): Այդ հիշատակումները բառացիորեն արդյունաբերության ոլորտի կրճատման մասին են: Մեկը վերաբերում է «Արմենալին»: Նախկին ԿԱՆԱԶ-ը 2000թ. ձեռք բերեց ռուսական «Ռոսալը»:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ձեռնարկության մոտ 200 աշխատակից արդեն հարկադիր պարապուրդի մեջ է: Մարդիկ աշխատավարձ չեն ստանա: Բայց դա կարևոր չէ: Իրավիճակը ոլորտում տարածվում է կլոնավորման մեթոդով: Մինչև ամերիկյան պատժամիջոցների «տեղ հասնելը», մենք նմանատիպ մեթոդ կիրառել էինք Ամուլսարի պարագային: Մամուլը տեղեկատվություն հրապարակել էր Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասին: Հերթական պարապուրդ կամ նման իրավիճակ արձանագրելով: Կարծեմ հանրահայտ «Թեղուտի» մասին էլ է նման տեղեկատվություն տարածվել:
Մեր բնապահպանները շատ երկար ու անզիջում պայքարեցին այդ ուղղությամբ: Ու այս շաբաթ նմանատիպ լուրեր եկան արդեն Ալավերդուց: Դժվար չէր «գուշակել», որ պարապուրդի ոսկրոտ ձեռքը վաղ թե ուշ հասնելու է Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոկորդին: Այս ձեռնարկության ֆինանսական վիճակը կարծես ավելի ծանր է մյուսների համեմատ: Կարճ ասած, ոլորտը լուրջ ցնցումներ է ապրում: Մինչդեռ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը մշտապես Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են:
Ուստի կարող է անհասկանալի լինել, թե ինչու ոլորտի խնդիրները բավարար ուշադրության չեն արժանանում: Թե իշխանություններն են անտարբեր, թե հասարակությունը: Հասարակական անտարբերության տրամաբանական բացատրություն կարելի է գտնել: Արդյունաբերության ոլորտը Հայաստանում կապված է կոնկրետ բնակավայրերի հետ: Հետևաբար՝ մյուս բնակավայրերի բնակիչները համարյա տեղեկություն չունեն այդ ոլորտում աշխատողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:
Աշխատատեղերի քանակով հանքարդյունաբերության ոլորտը, շատ կոպիտ ասած, իրենից «բան չի ներկայացնում»: Ուստի խնդիրները կարելի է չնկատելու տալ: Չնկատելու տալ` քանի դեռ բյուջեն դիմանում է: Ի վերջո, հայտնի բան է. «Խեղդվողի փրկությունը հենց իր՝ խեղդվողի գործն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը