ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման հանդիսավոր արարողությանն անդրադառնալով տնտեսական իրավիճակի ռիսկերի հետ կապված հարցին, նշեց` մակրոտնտեսական ցուցանիշների հետ կապված մտավախություններ չունենք։
«Որոշակի գնաճ օգոստոս ամսին եղել է, այժմ էլ առկա է, բայց մենք գտնվում ենք նախորդ տարվա՝ մեր հայտարարած թիրախի մեջ ու այդ առումով խնդիր չունենք։ Պետբյուջեի մասին օրենքով նախատեսված է 4 պլյուս մինուս 1.5 տոկոս գնաճ, որի շրջանակներում մենք կմնանք, ավելին ասեմ՝ կլինենք այդ շեմի ստորին հատվածում»,- նշեց ԿԲ նախագահը։
Ըստ Ջավադյանի՝ եթե լինի գնաճ, ապա տոկոսադրույքները չեն իջնի, բայց եթե պահպանվի այն միջավայրը, որն այժմ առկա է՝ մրցակցությունը շարունակվի, ապա բանկերում վարկերի տոկոսադրույքները կնվազեն։
ԿԲ նախագահը, անդրադառնալով Կառավարության հաստատած պետբյուջեի նախագծին, հայտնեց՝ ԿԲ–ն առաջիկայում մանրամասն կհրապարակի իրենց տեսակետը այդ փաստաթղթի վերաբերյալ։ «Իրավիճակին համապատասխան բյուջե է»,– ընդգծեց Ջավադյանը։
Անդրադառնալով Կառավարության կողմից 4.9 տոկոս կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի թեմային՝ Ջավադյանը նշեց, որ ինչպես միշտ, մեզ մոտ առկա է պահպանողական ցուցանիշ։ «Մեր բյուջեում չեն դրվում օպտիմիստական ցուցանիշներ, պահպանողական ցուցանիշները ավելի ճիշտ են։ Նախորդ տարիներին էլ մենք որպես թիրախ նշել ենք ցածր ցուցանիշները, բայց իրականում դրանք ավելի բարձր են եղել»,– ասաց Ջավադյանը։
Անդրադառնալով կապիտալի արտահոսքի հետ կապված հարցին՝ Ջավադյանը նշեց, որ խոշոր արտահոսք, որպես այդպիսին, չի եղել։ «Կապիտալի խոշոր արտահոսք ունեցել ենք «թավշյա հեղափոխության» առաջին օրերին, դրանից հետո շրջանառությունը կարգավորվել է, այդ մասին բազմիցս նշել է նաև վարչապետը։ Ներկայումս, ընդհակառակը, ավանդների ծավալը հանրապետությունում ավելացել է»,– ասաց Ջավադյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը