27 09 2018

2019թ-ի բյուջեի նախագիծը հավանության արժանացավ

2019թ-ի բյուջեի նախագիծը հավանության արժանացավ

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝  2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է` եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ:

ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:

Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

«Տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու, որպես կանոն, կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար»,- նշեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ հաջորդ առանձնահատկությունն այն է, որ 2019 թ.-ից պետական բյուջեն պետք է ունենա ծրագրային ձևաչափով օրենքում ներկայացում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցները, որոնք օգտագործվում են բյուջեի շրջանակում, ըստ էության, մղվում են երկրորդային պլան:

«Կարևորվում են արդյունքային ցուցանիշները, այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացվել այդ արդյունքներին հասնելու համար»,- նշեց ֆինանսների նախարարը՝ մանրամասնելով, որ ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս:

Ատոմ Ջանջուղազյանը նաև նշեց, որ վերանայվել է 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, ակնկալվում է, որ այն 4,5 տոկոսի փոխարեն կլինի 6,5 տոկոս: Նվազեցվել է կանխատեսումը 2019 թվականի համար՝ 5,3 տոկոսի փոխարեն այն կկազմի 4,9 տոկոս: Կանխատեսվում է, որ գնաճը կլինի 2,7 տոկոս, ինչը թույլատրելի (2,5-5,5 տոկոս) միջակայքում է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ