Սեպտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
2018 թ. օգոստոսին գրանցվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.3%: ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն գնաճը գտնվել են ԿԲ կանխատեսած ցուցանիշների շրջանակում, և գնահատել, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում։
Համաշխարհային տնտեսության աճի միտումներն ընթացել են սպասվածին համահունչ, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել է ավելի թույլ գնաճ: Միևնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը գնահատել է, որ, չնայած կապիտալի միջազգային շուկաներում ֆինանսավորման պայմանների աստիճանական խստացմանը, դրա ազդեցությունը զարգացող երկրների ֆինանսական շուկաների տատանողականության վրա որոշակիորեն թուլացել է:
Խորհուրդն արձանագրել է, որ 2018 թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է սպասվածից բարձր տնտեսական աճ՝ 8.3%, իսկ հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%՝ մեծամասամբ պայմանավորված ծառայությունների ոլորտի բարձր աճով: Միևնույն ժամանակ, գնահատվել է, որ երրորդ եռամսյակում շարունակվող զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ փոխհատուցվում է պահպանվող մասնավոր ներդրումային ակտիվությամբ:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից Խորհուրդը կարևոր է համարել խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը՝ հետագայում դրա աստիճանական չեզոքացման պայմանով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը