Հուլիսի 26-ի նիստում կառավարությունը երկու հարկային արտոնություն տրամադրեց «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին: Առաջին որոշմամբ, 630 մլն դրամ ընդհանուր արժեքով 132 տեսակի իտալական ապրանք ազատվում է ներմուծման մաքսատուրքից: Հիմնավորման մեջ ասվում է, որ դրանք ներկրվում են ոչ ԵՏՄ երկրներից, քանի որ ԵՏՄանդամ-երկրների տարածքում անհրաժեշտ քանակության և որակի ապրանքներ չկան։ Գյուղատնտեսական այս ծրագրով նախատեսվում է 1,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, 250 սեզոնային աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ 4-րդ տարում արտադրանքը կհասցնի 733 մլն 100 հազար դրամի և կիրացնի կես-կես՝ Հայաստանում և ԵՏՄ-ում:
Երկրորդ հարցով էլ հարկային արտոնությունը վերաբերում էր ապրանք ներմուծելիս ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելուն: Ընկերությունն Արարատի մարզի Երասխ գյուղում նախատեսում է կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ՝ համալրված ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգը: Այն նաև կունենա ցրտահարության պաշտպանության համակարգ: Ընկերության ներդրումը կկազմի 1,87 մլրդ դրամ, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն դրամ։ Ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչև 2024 թվականը կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ՝ հասցնելով այն 250-ի` 150 հազ․ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունը ծրագիրն անհրաժեշտ 50-ից գնահատել է 29,5 միավոր:
Նշենք, որ ընկերության բաժնետոմսերից 34 տոկոսը պատկանում են պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիներին՝ Հենրիկ և Ռուբեն Հարությունյաններին: Իսկ ընկերության 66 % բաժնեմասը, ըստ մամուլի, պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը