G20-ը կարծում է, որ այս պահին համաշխարհային տնտեսության հիմնական կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերն են աճող ֆինանսական խոցելիությունը, առևտրում և աշխարհաքաղաքական վիճակում լարվածության աճը, ինչպես նաև թույլ կառուցվածքային աճը: Այս մասին հաղորդվում է G20-ի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների և ֆինանսների նախարարների նիստի արդյունքներով Բուենոս Այրեսում ընդունված կոմյունիկեում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել, սակայն զարգացող երկրները պայքարում են շուկաների անկայունության և կապիտալների արտահոսքի դեմ՝ արձանագրել են G20-ի ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները:
Միաժամանակ համաշխարհային տնտեսական աճը շարունակում է կայուն մնալ, անգործության մակարդակն այժմ ամենացածրն է վերջին 10 տարվա ընթացքում, ասվում է փաստաթղթում: Համենայն դեպս, վերջին ժամանակներս աճը պակաս համաժամանակյա է եղել:
«Կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերն աճել են, այդ ռիսկերի թվում են աճող ֆինանսական խոցելիությունը, առևտրում և աշխարհաքաղաքական պլանում լարվածության աճը, համաշխարհային անհավասարակշռությունը, ահավասարությունը և թույլ կառուցվածքային աճը, մասնավորապես՝ որոշ զարգացած երկրներում»,- նշվում է փաստաթղթում:
Կողմերը մտադիր են «շարունակել մոնիթորինգի ենթարկել ռիսկերը»՝ փորձելով դրանք մեղմել և «քայլեր ձեռնարկելով, եթե այդ ռիսկերն իրականանան»: Բազմաթիվ զարգացող տնտեսություններ այժմ «ավելի լավ են պատրաստված փոփոխվող արտաքին պայմաններին, սակայն նրանք մինչև այժմ բախվում են շուկաների անկայունությանը և կապիտալի արտահոսքերին», նշվում է փաստաթղթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը