Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտի» գործարար համայնքի գործընկերը: Գործընկերության շրջանակում նոր ընկերություն կստեղծվի: Այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանը «Ատլանտի»-ի հիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Forbes-ը:
«Սա հավասար գործընկերություն է՝ 50-50, ես բիզնեսի մեջ եմ մտնում cash-in-ի պայմաններով»,- հայտնել է Ռուբեն Վարդանյանը:
Ներդրումների չափը գործընկերները չեն բացահայտել, սակայն Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ «գումարը մեծ չէ»: Գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրն այն գնահատել է 10 միլիոն դոլար: Նշվում է, որ գումարի գրեթե ողջ մասը կծառայի «Ատլանտի» բիզնես համայնքի ենթակառուցվածքի զարգացմանը և նոր կրթական արտադրանքների ստեղծմանը: Միխայիլ Վորոնինը, Ռուբեն Վարդանյանի խոսքով, «ոչ մեծ վճար» կստանա:
Հայ գործարարը հավելել է՝ ֆորումի շրջանակում բիզնես գաղափարները ֆինանսավորելուց բացի, ինքը գործընկերոջ հետ կկիսվի երկար տարիների փորձով և ունեցած գործարար կապերով, որոնք կարող են օգտակար լինել համայնքի ընդլայնման համար: Բիզնես ակումբը կշարունակի մնալ համայնքի հիմքը, ենթադրվում է՝ տարբեր ձևաչափերում ակումբի շփումների հարթակներից մեկը կլինի «Ռոմանով Դվոր» բիզնես կենտրոնը: Դրա համար կօգտագործվի հարթակների մի մասը, որն ազատել է «Սբերբանկ»-ը:
«Ատլանտի» գործարար համայնքը ստեղծվել է 2012 թվականին: Բացի համանուն բիզնես ակումբից և ֆորումից, համայնքն անցկացնում է նաև Winning the hearts ֆորումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը