09 06 2018

Հերթական հարկային արտոնությունը՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին

Հերթական հարկային արտոնությունը՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին

ՀՀ կառավարությունը հերթական արտոնությունը տվեց ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանեկան բիզնեսին:

Հունիսի 8-ի նիստին գործադիրը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:

Ներմուծման ընդհանուր գումարը կազմում է 8 մլրդ 686 մլն 793 հազար 500 դրամ:

Դրա մեջ մտնում են 30,6 մլն դրամ արժողությամբ ինքնագնաց բեռնիչներ 1 մ կամ ավելի վերելքի բարձրությամբ, բեռնամբարձիչ, 490 մլն դրամ ընդհանուր արժեքով պատրաստի արտադրատեսակներ՝ ներառյալ հագուստի ձևվածքները, ձևվածքներ, 98 մլն դրամ արժեքով պարկեր և տոպրակներ՝ փաթեթավորման համար, ոչ հյուսված գործվածքից պայուսակ, 171 մլն 500 հազար դրամ արժեքով պարկեր և տոպրակներ՝ փաթեթավորման համար շերտերից կամ ժապավեններից կամ պոլիէթիլենի կամ պոլիպրոպիլենի նույնանման ձևերից, պոլիմերային պայուսակ, 326 մլն 666 հազար դրամ արժեքով չսպիտակեցրած կամ սպիտակեցրած այլ գործվածքներ արհեստական մանրաթելերից, պոլիեսթերից գործվածք, 980 մլն դրամ արժեքով պոլիեթերային սինթետիկ մանրաթելեր, 392 մլն դրամ արժեքով տպված մանրաթելային գործվածք և այլն:

Համաձայն հիմնավորման, «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թեթև արդյունաբերության մեջ։ Ներմուծվող ապրանքներն չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Համաձայն «Հետք»-ի՝ այս ընկերության բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերն են` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստը՝ Աստղիկ Ալեքսանյանը, և Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարիի Նազարեանները:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի նիստի ժամանակ էլ կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ