19 03 2018

Հայաստանում ջայլամ են բուծում և ցանկանում են հիմնել պիստակի այգի



Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:

Կառավարության լրատվականը հայտնում է, որ վարչապետն այցելել է Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ ողջ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, սակայն նախատեսվում են քայլեր իրականացնել նաև արտահանման ուղղությամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է մարզի Արտամեդ համայնք, որտեղ իրանահայ ներդրողների կողմից իրականացվում է պիստակի այգիների հիմնման խոշոր ծրագիր: Կարեն Կարապետյանին տեղեկացրել են, որ 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով Արմավիրի մարզում հիմնվելու է 590 հեկտար պիստակի այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով:

Սարդարապատ համայնքում էլ վարչապետն այցելել է գինեգործական ընկերություն:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ