Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական միացյալ էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում․ «Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները»։
Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու մասին առաջին անգամ հայտարարեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
16․10․2023թ․ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե Վահան Քերոբյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ Էկոնոմիկայի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով․ «Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները»։
Փաստորեն 9 ամսվա մեջ նույն պաշտոնյային հանդիպել են Հայաստանի՝ իրար հաջորդած երկու նախարար և ներկայացրել լրիվ նույն բանը, հաղորդագրությունը տարածել լրիվ նույն տեքստով։ Երկու դեպքում էլ նշված չէ դիմացինի արձագանքի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը