Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար, գրում է Հետքը։
Ընտրվելուց հետո Սևակ Միքայելյանը բազմիցս պայմանագրեր է կնքել եղբոր ընկերությունների հետ:
Հրազդանի համայնքապետարանի ավտոմեքենաների լիցքավորման համար գազը գնում են «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Սասուն Միքայելյանն ընկերությունը հիմնադրել է 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Սասուն Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։
Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ 2022-2024թթ. ընթացքում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը մորեղբոր որդու, այնուհետև եղբոր ընկերության՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 156 մլն դրամի պայմանագիր:
Ընկերության հետ պայմանագրերը կնքվում են էլեկտրոնային աճուրդի եղանակով: «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր՝ նվազեցված գների ներկայացման գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերի հաջորդականությունը: Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա:
Հրազդանի համայնքապետարանի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի պետ Քրիստինե Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ վերջին տարիներին համայնքի ղեկավարի եղբոր ընկերության հետ են պայմանագրեր կնքվում:
Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ որևէ բացասական ռիսկ չի տեսնում: Ավելին՝ նշեց, որ գործընթացը թափանցիկ է, և որևէ խախտում թույլ չեն տվել: Բաժնի պետը նշեց, որ նախկինում՝ մոտ 7 տարի առաջ, ուրիշն է շահել մրցույթը:
Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մրցակցություն չի եղել, դիմել է միայն «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն:
«Հիմա Մեխակ Միքայելյանը մասնակցել է, նախ ինքը տնօրենը չի, տնօրենը Վահագն Ասատրյանն է, մենք պարտավոր չէինք ստուգելու: Իրական շահառու կա, հայտարարագիրը կա, կայքէջի հղումը կա, բայց տնօրենը փաստացի Վահագն Ասատրյանն է, բայց փաստացի, եթե հայտերը ներկայացվել են, մրցակից չի ունեցել, կամ ենթադրենք ունեցել է, շահել է ինքը: Էլեկտրոնային աճուրդ է, թղթային մրցույթ չի, որ խտրականության հիմք տեսնեք կամ մտածեք։ Պարզ աճուրդ է, խնդրեմ, նայեք աճուրդի պայմանները»,- հավելում է համայնքապետարանի աշխատակիցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը