Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %:
Բացի այդ, որոշվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11.75 %, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.75 %:
2023 թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագորեն նվազել և կազմել է -0.5%: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով, 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն դանդաղել է՝ կազմելով 1.5%:
«2023 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը, և 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել։ Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են բարձր: Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները նվազում են: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ.,-ասաց նա:
«ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,-ընդգծեց Նուրիբեկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը