2023 թ. հունիսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հրավիրված մամուլի ասուլիսում կարդաց ԿԲ հայտարարությունը․
«2023 թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1%:
2023 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, և 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել։ Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում: Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների ներքո պահանջարկի շարունակական թուլացումը նպաստում է ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են էականորեն թուլանալ:
2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Աշխատանքի շուկայում դիտարկվող դրական տեղաշարժերը և արտադրողականության աճը պայմանավորում են նաև տնտեսության ներուժային աճի որոշակի ավելացումը։ Մյուս կողմից, պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը դրականորեն են նպաստում պահանջարկի ընդլայնմանը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը