«2022թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և տարեվերջին կազմել է 8.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9.5%»,-այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ մանրամասնելով․
« 2022 թվականի վերջին համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը շարունակվել է: Համաշխարհային գնաճը ևս նվազում է՝ պայմանավորված որոշ հումքային և պարենային ապրանքների գների նվազմամբ: Այնուամենայնիվ, հարաբերականորեն ընդլայնված պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում դեռևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Դա կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում:
2022թ-ի վերջին ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին շարունակել է նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը: Միաժամանակ, պահպանվել են արտահանման և ՀՆԱ ներուժի ավելացման դրական միտումները ծառայությունների և արդյունաբերության ճյուղերում:
Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը դեռևս արտահայտվում է աշխատուժի շուկայում և նպաստում աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գների կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ:
Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023թ-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը