03 08 2022

Վերջին 4 տարիների ընթացքում երկու անգամ կուտակային ակտիվների արժեքն զգալի անկում է գրանցել․ Սուրեն Պարսյան

Վերջին 4 տարիների ընթացքում երկու անգամ կուտակային ակտիվների արժեքն զգալի անկում է գրանցել․ Սուրեն Պարսյան

2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեծ անվստահությունը պայմանավորված է քաղաքական գործոնով։ Այսինքն՝ մարդիկ դեմ էին պարտադիր կուտակայինին, քանի որ չէին վստահում նախկին իշխանությանը։

Մինչդեռ, իրականում սա էլ հերթական միֆերից է, որն ապացուցվեց 2020 թվականի(կորոնավիրուսով պայմանավորված) և 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարդկանց կուտակած միջոցների արժեզրկմամբ կամ կորստներով, երբ գործող իշխանությունը բավարարվեց հերթապահ, ոչինչ չասող հայտարարություններով։

Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում երկու անգամ կուտակային ակտիվների արժեքն զգալի անկում է գրանցել։

Մինչ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներից շատերն ակտիվ պայքարում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, ավելին, Նիկոլ Փաշինյանն այն ընդդիմադիր պատգամավորներից մեկն էր, ով դիմել էր Սահմանադրական դատարան։ Տեղին է հիշեցնել, որ 2017 թվականին Փաշինյանի կողմից ղեկավարվող «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում որպես նախընտրական խոստում նշված էր, որ դաշինքը կչեղարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը և կձեռնարկի կամավորության հենքի վրա կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցումը: Ինչևէ, իրավիճակը փոխվեց մեկ օրում, երբ նրանք վերցրեցին ամբողջ իշխանությունը։ Հետևաբար, զուտ կենսաթոշակային համակարգի կայունության տեսանկյունից ինչպե՞ս կարելի է վստահել մի թիմի, որն իշխանության գալով, չեղարկելու փոխարեն, ամբողջությամբ ներդրեց պարտադիր կուտակայինը։

Առհասարակ, պարտադիր կուտակայինի նման լայնամասշտաբ և երկարաժամկետ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է լայն հանրության աջակցությունը և վստահությունը. դա որևէ կապ չունի տվյալ պահի իշխանությունների օրինականության կամ վստահության հետ. սա սերունդների հարց է: Անշուշտ, վերջին տարիներ ընթացքում ներդրվել են մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս կուտակայինի մասնակցին տեղեկանալ իր հաշվիներում կուտակված գումարների չափի և շարժի մասին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ կուտակային կենսաթոշակների իրական արդյունքները հնարավոր է փաստացի տեսնել և գնահատել առնվազն 20-25 տարի հետո, մասնակիցները արդարացիորեն չեն վստահում: Բացի այդ, ո՞վ գիտե՝ 20-25 տարի հետո, ո՞վ է լինելու իշխանություն, և ներկայիս պարտադիր կուտակայինի ներդրողները, ո՞ր երկրում կգտնվեն և ի՞նչ պատասխանատվություն կստանձնեն։

Հարկ է նաև նշել, որ կենսաթոշակային բարեփոխումների համար հանրային աջակցություն և կարծիք ստանալու համար երբեմն երկրները դիմում են հանրաքվեի կամ պլեբիսցիտի օգնությանը: Օրինակ՝ 1996 թվականին Նոր Զելանդիայում նոր ձևավորված կոալիցիոն կառավարությունը ներկայացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը, որը 1997 թվականին դրվեց հանրաքվեի: Հանրաքվեի մասնակիցների 91.8 տոկոսը քվեարկեց դեմ, միայն 8.8 տոկոսը՝ կողմ: Արդյունքում՝ նորզելանդացիները մերժեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չնայած նրան, որ մեկ տարի առաջ ընտրել էին այդ նույն իշխանությանը։

Պարտադիր կուտակային համակարգի ռիսկայնությունը կախված է քաղաքական և տնտեսական տատանումներից։ Օրինակ՝ արժեթղթերի շուկայի ճգնաժամերը պարբերաբար են լինում, և դրանք չեն կարող զսպել իշխանությունները, անկախ նրանից թե ընտրությունների ժամանակ որքան քվե են ստացել։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, որ նույնիսկ զարգացած և ֆինանսական կայունություն ունեցող երկրներում սնանկանում են մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր՝ աղքատ ծերության դատապարտելով հազարավոր մարդկանց։ Ֆինանսական ռիսկերը չափազանց մեծ են, իսկ կորուստները՝ անխուսափելի։
Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Արցախյան շարժումը և 2020 թվականի պատերազմը, Սպիտակի երկրաշարժը, Խորհրդային Միությանը փլուզումը, դրամի ներմուծումը, դրամի պարբերական կտրուկ արժեզրկումները, ներքին քաղաքական և տնտեսական ցնցումները։ Միաժամանակ Եվրոպայում ազգային դրամները փոխարինվեցին եվրոյով, միավորվեցին և բաժանվեցին երկրներ, փոխվեց միգրացիոն ռեժիմը, ավարտվեց «սառը» պատերազմը, եղան մայրցամաքի վրա ազդող քաղաքացիական պատերազմներ։ Ներկայումս էլ շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, նոր ռազմաքաղաքական բևեռներ են առաջանում և այլն։

Հետևաբար, մի քանի տասնամյակի ժամանակահատվածը շատ երկար է և ռիսկային նմանատիպ ծրագրերի իրականացման համար, որտեղ ներքին ռիսկերին գումարվում են նաև տարածաշրջանային և համաշխարհային ռիսկերը։

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ