Ոստիկանությունն այսօր հանցագործությունների բացահայտման ամփոփ տվյալների մեջ չէր ներառել հենց իրենց աշխատակիցների մասնակցությամբ միջադեպերի տվյալները՝ հատկապես բռնությունների կամ ապօրինի գործունեության մասով, իսկ երբ հարց հնչեց ՀՅԴ երիտասարդներին՝ բողոքի ակցիաների ժամանակ հարվածելու մաիսն, փոխոստիկանապետը խուսափեց պատասխանել, թե այդ ինչպես է ստացվել, որ ցուցարարի գլուխ կոտրած ու մեկ այլ դեպքով թև կոտրած ոստիկանները շարունակում են մնալ համակարգում, անգամ կոչումից չեն զրկվել:
Ինչու են ներկայում ոստիկանների բռնության դեպքերով հարուցված քրգործերն ուղարկվում ԱԱԾ, Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ Հատուկ քննչական ծառայության լուծարումից հետո ԱԱԾ-ն է այլևս քննում ոստիկանության աշխատակիցների հետ առնչվող քրգործերը:
Ոստիկաններին առնչվող դեպքերի վիճակագրությունն ըստ Ֆիդանյանի, այսպիսին է.
«2021 թվ. ոստիկանության ՆԱՎ-ի կողմից կարգապահական տույժի է ենթարկվել 587 ծառայող, որոնցից 449-ը ստացել է նկատողություն, 80-ը՝ խիստ նկատողություն: 41-ը հեռացվել են համակարգից:
Մեկ ծառայողի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, 15 ծառայողի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է 3ամիս ժամկետով, մեկ ծառայողի կոչումը իջեցվել է մեկ աստիճանով»,- մանրամասնեց փոխոստիկանապետը:
Կարգապահական տույժի ենթարկվածներից 22-ը՝ գլխավոր, 57-ը ավագ աշխատակիցներ են եղել: 352-ը՝ միջին և 137-ը՝ կրտսեր ծառայողներ: Մեկը կադրերի ռեզերվից է եղել, 17-ը՝ կրթահամալիրում սովորողներ:
Փոխոստիկանապետը շեշտեց՝ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքերի առթիվ հարուցվում են քրեական գործեր»:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը