ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռ. էրդողանի երեկ արած հայտարարությանը, որ վերաբերում էր ռուսական մշակույթին.
«Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում անդրադարձավ Արևմուտքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում ռուս դասական գրականության (Դոստոևսկու), երաժշտության վրա կիրառվող սահմանափակումներին, արգելքներին և դրանք անվանելով «հիմարություն», «ֆաշիզմ», «բարբարոսություն»՝ համեմատեց օրինակ՝ Բաղդադի գրադարանը այրելու հետ: Հերթական անգամ թուրքական քարոզչամեքենան և դիվանագիտությունը փորձում է աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ, համաշխարհային մշակույթը հարգող ու գնահատող պետություն: Ի դեպ, ռուսական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են Էրդողանի այս ելույթին և բնականաբար՝ դրական շեշտադրումներով:
Սակայն իրականությունը լիովին այլ է և ռուսական դասական գրականությունը ավանդաբար ատելության թիրախ է եղել հենց Թուրքիայում: Դեռ անցյալ դարի կեսերից սկսած ԽՍՀՄ-Թուրքիա ցանկացած լարվածության ժամանակ Թուրքիայում արգելվել և հենց գրախանութների առջև այրվել են ռուս դասականների գրքերը: Օրինակ` 1945 թ. դեկտեմբերի 4-ին Ստամբուլում անցկացվել է հակախորհրդային բնույթի հանրահավաք, որի ժամանակ քարուքանդ են արվել խորհրդային և ռուս գրականություն վաճառող գրախանութներ, այրվել Տոլստոյի, Դոստոևսկու, Գոգոլի, Տուրգենևի, Գորկու գրքերը: Ի դեպ, այդ հարձակումներին մասնակցել են հետագայում Թուրքիայի նախագահ դարձած, իսկ այդ ժամանակ ազգայնական ակտիվիստ երիտասարդներ Սուլեյման Դեմիրելը և Թուրգութ Օզալը: Չեմ կարծում, որ այս և այլ փաստերը հայտնի չեն նաև Ռուսաստանում, առնվազն՝ ռուս թուրքագետներին, սակայն խնդիրն այն է, որ այս լարված և գերզգայուն իրավիճակում Թուրքիան կարողանում է կեղծ խաղաղասերի դիմակով մի կողմից Բայրաքթարներ ուղարկել Ուկրաինա, իսկ մյուս կողմից հանդես գալ իբրև Դոստոևսկու պաշտպան»,- գրում է թուրքագետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը