10 03 2022

Երբեմն ամենալավ կրիպտոարժույթները լոբին է, բրինձը, շաքարավազը, տուշոնկան. Կարեն Վրթանեսյան

Երբեմն ամենալավ կրիպտոարժույթները լոբին է, բրինձը, շաքարավազը, տուշոնկան. Կարեն Վրթանեսյան

Տեղեկավտական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Աշխարհն, ինչպես գիտեք, շարժվում է դեպի «էլեկտրոնացում», այդ թվում բանկային համակարգը։ Առցանց վճարումները, անկանխիկ գործարքները և այլն շատ հեշտացնում են կյանքը, ժամանակ են խնայում, իսկ բանկերի համար էլ նվազեցնում են ծախսերը (օրինակ՝ բանկերը ստիպված չեն լինում ավելորդ մասնաճյուղեր և սպասարկող անձնակազմ պահել)։

Կառավարություններն էլ են շահագրգռված, որպեսզի բնակչության բոլոր գործարքներն անկանխիկ լինեն, դրամային հոսքերը վերահսկելու համար։
Այս ամենը շատ լավ է, մինչև այն պահը, երբ ճգնաժամ է սկսվում՝ ֆինանսական ճգնաժամերից մինչև պատերազմներ։

Օրինակ՝ սահմանափակումներ են մտցվում, թե մարդ ինչքան գումար կարող է կանխիկացնել։ Մարդուն շտապ պետք է լինում գումարը հանել, մեկնել երկրից, ասում են. «Ծը, ախպե՛ր, հանգիստ նստիր տեղդ»։ Կամ, ինչպես հիմա Ռուսաստանում է, պլաստիկ քարտերը դադարում են աշխատել։

Վերջերս մի քննարկում էր Թվիթերում, կրիպտոարժույթների ջատագովները ձեռ էին առնում Ուկրաինայում բանկոմատների դիմաց հերթերում կանգնածներին։ Թե բա. «Ավելի լա՞վ չէր, որ բիթքոյն ունենայիք, հիմա ձեզ պատեպատ չէիք տա ձեր խնայողությունները փրկելու համար»։
Սա, իհարկե, կատարյալ ապուշություն է, քանի որ կրիպտոարժույթներն ահավոր անկայուն են՝ մեկ, երկրորդը՝ հաճախ նույն փոխանակման բորսաներն են պրոբլեմներ ունենում, միլիարդավոր դոլարների գումարներ են անհայտանում և վերջում էլ պարզվում է, որ պատասխանատու չկա։

Բայց ամենակարևորը՝ այդ մարդիկ այնքան են սովոր արևմտյան քաղաքակրթության ենթակառուցվածքներին, որ դրանից դուրս աշխարհ չեն պատկերացնում։

Մտքներով անգամ չի անցնում, որ պատերազմի ժամանակ էլեկտրականություն և կապ կարող են ընդհանրապես չլինել, կամ երբ գնաս խուլ ինչ-որ գյուղի խանութ, որ գոնե մի բուխանկա հաց գնես, այնտեղի վաճառողը կյանքում սկի պլաստիկ քարտ տեսած չլինի, էլ ուր մնաց բիթքոյնով առևտուր անի և այլն, և այլն։

Նաև չեն պատկերացնում, որ այդ մարդկանցից շատերը ոչ թե բազմահազարանոց «խնայողություններ» են հանում, այլ, ասենք՝ լավագույն դեպքում իրենց թոշակը կամ աշխատավարձն են փորձում կանխիկացնել։

Ինչպես ասում են. կուշտը սովածին չի հասկացա...
Ամեն դեպքում՝ հաշվի առնելով, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, արժի շաաատ զգուշորեն վերաբերվել բոլոր այն համակարգերին, որոնք կարող են անջատվել հեռավոր երկրներում գտնվող «ռուբիլնիկի» մեկ շարժումով։

Հ.Գ. Գոնե մենք միշտ պետք է հիշենք, որ երբեմն ամենալավ կրիպտոարժույթները լոբին է, բրինձը, շաքարավազը, տուշոնկան...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ