Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից:
Այս ճանապարհն անվտանգության տեսանկյունից ռազմավարական, կենսական նշանակություն ունի ողջ Կապան համայնքի համար: Այն կապում է Կապան քաղաքը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերթ գյուղերի հետ: Այս ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում Կապանի «Սյունիք» օդանավականը:
Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների:
Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:
Ադրբեջանական որևէ զինված տեղակայում մեր գյուղերի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չունի որևէ իրավական հիմք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը