08 03 2022

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել․ ՄԻՊ

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել․ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարությունում տարածել, որում անդրադառնում է Արցախ գազի մատակարարման խնդրին։ Ինչպես տեղեկացնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից, հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։

Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։

Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ