Սամվել Խալաթյանը գրում է․
«Արդեն քանի օր է, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը մարգարեացել է և հերթական սուրահներն է գրում՝ պատերազմի մեղքը բարդելով մտավորականության վրա: Վկաներ էլ ունի, մեկը Ավետիք Իսահակյանն է, մյուսը՝ Լեոն:
Մեծարգո Նախագահ, Դուք, որ 12 լեզու գիտեք, բայց ձեր ժողովրդի հետ լեզու չգտաք և ճիշտ որոշում կայացնելով ժամանակին հրաժարական տվիք, ի՞նչ «լոլոներ» եք սկսել, ի՞նչ նպատակով: Շատ կուզեի հավատալ, որ գրագիտությամբ ու քաղաքական բարդ իրավիճակները վերլուծելու կարողությամբ միջինից ցածր մակարդակ և մեծ թվաքանակ ունեցող հանրության շերտի աչքում մտավորականությանը և հատկապես գիտական բարձր կոչում ունեցողներին «բոբո» դարձնելու ձեր ջանքերը չեն թելադրվում օտար ուժերի կողմից, և դրանք ձեր սեփական դատողություններն են միայն: Դա գոնե չարիքի փոքրագույնը կլիներ: Վերջին տասնամյակներում այդ ուժերն իրենց հայազգի «դեսանտայիններով», հատուկ մշակված տեխնոլոգիաներով, հետևողականորեն բարոյազրկեցին մեր մտավորականությանը: Ի՞նչ է, վերջին համազարկը ձե՞զ են վստահել… Իսահակյանը և Լեոն (և ոչ միայն նրանք) իրենց ժամանակի, շեշտում եմ՝ իրե՛նց ժամանակի, դառն իրականության վկան լինելով, գրել են, լավ են արել: Դրա հասցեատերը իրենց ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու կոչով միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններին դիմում հասցեագրած 21-րդ դարի հայ գիտնականները չեն: Եթե ձեր նշած մեծավաստակ անձանց ասածները բոլոր դարերի համար ճշմարիտ մարգարեություն եք ընդունում, ապա չմոռանանք նաև, որ նույն Իսահակյանը, ինձ, ձեզ և էլի հազարավոր տղամարդկանց մասին գրել է՝ Սրիկա է նա, ով հայր է լինում: Դուք ընդունո՞ւմ եք դա: Չմոռանանք նաև, որ Լեոյի պես մեծ մտավորականն անգամ, տուրք է տվել իր ժամանակներում տարածված չարախինդ ասեկոսեներին և մամուլում քննադատել Հովհ. Թումանյանի «Անուշը»՝ այն համարելով սարից իջած մի բանաստեղծի թույլ երևակայությամբ գրված սիրո պատմություն:
Իսկ ինչու չեք վկայակոչում Խորենացու «Ողբը», այնտեղ արտահայտված մտքերի հետ այսօր նմանություններ չկա՞ն…
Ինչևիցե: Այսօր, առավել քան երբևէ, հայ մտավորականությունը, նրա գիտական, ստեղծագործական միտք ունեցող փաղանգը հոգատարության կարիք ունի, իր բարձր հեղինակությունը հանիրավի վատաբանված վիճակից դուրս բերելու կարիք»:
Աստծո սիրուն, եթե ձեր գիտելիքներով, հեղինակությամբ չեք նպաստում դրան, գոնե մի վատաբանեք, դուք ճիշտ չեք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը