21 02 2022

Աշանին պատկանող շուրջ 300 վարելահող թշնամու ուղիղ նշանառության տակ է․ «Փաստինֆո»

Աշանին պատկանող շուրջ 300 վարելահող թշնամու ուղիղ նշանառության տակ է․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ փուլը դեռ չի սկսվել, բայց անցած տարվա դառը փորձը հաշվի առնելով՝ գյուղացիները համոզված են՝ ադրբեջանցիները գարնանացանի աշխատանքներին էլ են խոչընդոտելու։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Աշանի բնակիչ, համայնապետարանի հաշվապահ Շողեր Գրիգորյանը, գյուղին պատկանող շուրջ 300 հա վարելահողը, որը գտնվում է ադրբեջանցի զինծառայողների ուղիղ նշանառության տակ, գյուղացիներն աշնանը թշնամու կրակոցների տակ են մշակել։

Տիկին Գրիգորյանի փոխանցմամբ՝ գյուղացիներից որեւէ մեկը միայնակ չի գնում հող մշակելու․ խմբով մտնում, մշակում են, դուրս գալիս։ Այդպես մի քիչ հանգիստ են լինում։ Դա էլ հատուկ ընթացակարգով է իրականացվում։ Գյուղացիները ՝համայնքապետին, համայնքապետը՝ վարչակազմին, վարչակազմն էլ խաղաղապահներին է տեղեկացնում, որ մարդիկ իրենց պատկանող հողում ուզում են աշխատել։ Ու կստացվի աշխատելը, թե չէ, միայն պայմանավորվածությունից չէ, որ կախված է։ Եղանակային պայմանները միշտ չէ, որ թույլ են տալիս դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործել։

«Այդ տարածքում հիմնականում ցորեն ու գարի ենք աճեցնում։ Աշնանը չէին թույլատրում, որ աշխատենք․ կրակում էին օդ, գյուղտեխնիկայի ուղղությամբ։ Ամեն ձևով փորձում էին վախեցնել մեզ։ Ինչո՞ւ մենակ աշնանը, դեկտեմբերին էլ են կրակել։

Հիմա էլ, երբ կրակոցներ են լինում ադրբեջանական դիրքերից, մեր գյուղում պարզ լսում ենք»,-ասում է տիկին Գրիգորյանը։
Աշանցիների մի մասը նախքան 2020թ․ ադրբեջանական ագրեսիան որպես բանվոր աշխատում էր Ակնային հարակից վարելահողերում՝ այդպես հոգալով ընտանիքի հոգսը։ Հիմա, երբ Արցախի զգալի մասը, այդ թվում՝ Ակնան Ադրբեջանի կողմից բռնազավթված է, բազմաթիվ ընտանիքներ փաստացի եկամտի աղբյուրն էլ են կորցրել։

«Հիմա էլի աշանցիներ կան, որ հարևան Բերդաշենի նռան այգիներում բանվորական աշխատանք են կատարում, բայց դա էլ չեն թողնում։ Թեկուզ այդ այգիները մեր՝ հայկական վերահսկողության տակ են, բայց ադրբեջանցիներն անընդհատ կրակում են, չեն թույլատրում, որ մտնեն, մշակեն։ Ադրբեջանական դիրքն այնքան մոտ է այդ այգիներին, որ այնտեղից գոռում են՝ դուրս եկեք, չմշակեք։ Մարդիկ էլ, եթե հանկարծ այդ օրը խաղաղապահը եկած չի լինում, ստիպված հետ են գալիս գյուղ, չեն էլ մտնում այգի»,-մանրամասնում է տիկին Գրիգորյանը։

Նման դեպքեր, ըստ Գրիգորյանի, հաճախ է լինում, կրակոցներ՝ գրեթե ամեն օր։

Գյուղի մի մասը բացառապես բնական պարսպի՝ լեռների շնորհիվ է, որ թշնամու ուղիղ նշանառության տակ չէ։ Այդուհանդերձ, գյուղի տներից մինչև ադրբեջանական դիրք, տիկին Գրիգորյանի խոսքով, հազիվ մեկ կմ է։ Այդ փաստը թշնամին օգտագործում է՝ ինչպես կարողանում է։

Նորմալ ոչ բջջային, ոչ էլ ինտերնետ կապ ենք ունենում։ Շաբաթվա ընթացքում առնազն 3-4 անգամ կտրում են կապը։ Այդ առումով վիճակը հատկապես Մարտունիում շատ վատ է»,-ասում է Շողեր Գրիգորյանը։

Աշանում խմելու ջուրը խնդիր է հատկապես ամռան ամիսներին․ հին բնակատեղիից՝ Հին Աշանից ինքնահոս եղանակով գյուղ հոսող ջուրը շատ բարակ է։ Հարցը, ըստ Գրիգորյանի, նախատեսվում էր առաջնահերթ լուծել, բայց 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն այլ առաջնահերթություններ առաջ բերեց։ Հույսը, որ Աշանը կանոնավոր խմելու ջուր կունենա առաջիկա ամռանը, դեռ չկա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ