Ադրբեջանցիները մշակում են Վազաշենի հարյուրավոր հեկտար հողերը, այս մասին հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
Նա նշել է, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ 887 բնակիչ ունեցող Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղն, ընդհանուր առմամբ,1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում:
«Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում: Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի: Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991 թվականից մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում:
Վազաշենից ստացված տեղեկատվությամբ` գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում»,- գրել է Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը