Shayamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել․ Տեսախցիկն արձանագրել է փետրվարի 20-ի երեկոյան Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը, որի հետեւանքով մահացել են ընտանիքի 5 անդամները, իսկ իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ փետրվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ «ԲՄՎ X5»-ի ղեկին եղել է 29-ամյա այլ տղամարդ՝ Ռազմիկ Դավթյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Իսկ 53-ամյա տղամարդը, ով հայտարարում էր, թե ինքն է եղել ղեկին, Ռազմիկ Դավթյանի հայրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը