Նիկոլ Փաշինյանի գլխավորած անտանելի իշխանության և երկրաքանդ կառավարության կազմում մի նախարար կա, որին կարելի է անվանել առկա անցուդարձին դեռևս հետևող հասարակության «սիրելին»: Չենք վախենա ասել՝ ամենի՛ց «սիրելին»: Այո, խոսքը այն տղայի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցնող Վահան Քերոբյանի մասին է: Տրամաբանության և օլիմպիադաների մաթեմատիկական անմրցելի չեմպիո՜ն, տնտեսագիտության հմայախոս, բիզնեսի գուրու, կանխատեսումների նոստրադամո՜ւս վերջապես:
Բայց այսօր պարզվեց, որ դա էլ վերջը չէ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Վահան Քերոբյանին հիշեցրեց վերջինիս այն հայտարարությունը, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում ինքը հրաժարական կտա:
Երկնիշ տնտեսական աճ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, այդ կառավարության անդամների «մենյու»-ում ընդգրկված Վահան Քերոբյանով հանդերձ, չի ապահովել ու չէր էլ կարող, առավել ևս՝ նման մտադրություն ու ցանկություններ էլ նրանք չունեն ու երբեք էլ չեն ունեցել: Ինչևէ: Ասել է, որ եթե չապահովվի երկնիշ տնտեսական աճ, հրաժարակւան կտա: Չի տվել:
Բոլոր նորմալ երկրներում նման բան խոստացած ու չարած անձնավորությանը կանվանեին ստախոս, անպատասխանատու և, բնականաբար, կվռնդեին կառավարության կազմից, անգամ չսպասելով, որ իր կոտրած ձեռքով հրաժարականի դիմում ստորագրի:
Բայց դա նորմալ երկրներում, այլ ոչ թե «Նիկոլի թվի» Հայաստանում, որն ունենալով նման՝ գլխեգլուխ անպատասխանատու իշխանություն, վերածվել է արնածոր մղձավանջի մեջ ներծծված անոմալիայի:
Իսկ կոնկրետ Վահան Քերոբյանն ուղղակի փայլատակեց, վերը նշված հարցին պատասխանելով թե՝ հրաժարական տալու մասին արտահայտությունը… կատակով է արել: Երգիծաբան-կատակերգուն․․․
Հետո՞: Է՛լ ինչն է կատակով ասել: Օրինակ, որ ներկայանում է ՀՀ էկոնոմիկայի նախարար, դա կատակո՞վ է: Չնայած, նման նախարար ու նման կառավարություն ունենալը տեղով մեկ դաժան ու դառը կատակ է:
Չնայած, եթե մեկը բացեիբաց հայտարարում, ավելի ճիշտ՝ խոստովանում է, թե տնտեսական աճի մասին նշել է, որպեսզի դրանով աշխուժություն հարուցի, եթե մեկը տնտեսական աճի մասին իր դատարկ պնդումները մայրաքաղաքի մի քանի փողոցներում նկատած խցանումներով է փորձում հիմնավորել, էլ ի՞նչ ասես նրան:
Թերևս միայն կարելի է իր արդեն թվարկված «կոչումներին» հավելել ևս մեկը, այն է՝ Քերոբյան մի ասա, կատակախոսության չտեսնված քանքար ասա:
Չնայած, Վահան Քերոբյանը ի՛սկը Նիկոլի իշխանության, կառավարության «հագով» կադր է: Հե՛նց նման «կատակախոս» պետք է լինի այս երկրաքանդ-անպատասխանատուների իշխանության առանցքային նախարարներից մեկը: Մի՛միայն այդպիսին:
ԱԺ-ում այսօր արձանագրված «կատակաբանության» փաստով մի լրացուցիչ անգամ ընդգծվեց ակնհայտը. Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության որևէ ներկայացուցչի, առավել ևս՝ որևէ նախարարի արած որևէ հայտարարություն անհնար է, ավելին՝ չի՛ կարելի լուրջ ընդունել:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծայրեծայր (գլխեգլուխ) անլուրջ է: Իսկ այդ անլրջության հետևանքները աղետալի են, եթե ոչ՝ կործանարար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը