06 01 2022

Չի՞ ուզում Արա Շիրինյանը ֆիլմ նկարել, ասենք՝ «Ղազախստանի կորսված հունվարը» վերնագրով․ Սևակ Հակոբյան

Չի՞ ուզում Արա Շիրինյանը  ֆիլմ նկարել, ասենք՝ «Ղազախստանի կորսված հունվարը» վերնագրով․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չի՞ ուզում, օրինակի համար, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը «նախկինների ժամանակ» իր գործընկեր սցենարիստ Տիգրան Պասկևիչյանի հետ մի էսպիսի ֆիլմ նկարել, ասենք՝ «Ղազախստանի կորսված հունվարը» վերնագրով։

Տեխնիկայի խնդիր չունեն, ամբողջ Հ1-ի տեխնիկան Շիրինյանի ձեռքի տակ է։ Համացանցն էլ լցված է կադրերով։ Քոչարյան Անդոնը, օրինակ, կարող է դառնալ փաստահավաք խմբի ղեկավարը (ոչ առանց նյութական շահագրգռվածության, բնականաբար) ու սիրուն փաստեր կհավաքի էն քաղաքական մանրապճեղի ու փաստաբան ներկայացող քրոջ օգնությամբ։

Հետո Սասուն Խաչատրյանը պաշտոնի բարձրացման խոստման դիմաց մի 120 հատոր «գործ» կհավաքի ու հերոսի դեմքով, ինֆարկտ ստանալու աստիճան սրտաճմլիկ տոնով կկարդա, թե ինչպես Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը, հանցավոր համաձայնության գալով Նազարբաևի, Լուկաշենկոյի, Պուտինի, Ժեենբեկովի և Տոկաևի հետ, վերջինիս իշխանությունը երկարաձգելու հանցավոր մղումներով դրդված, ստորագրեց հույժ գաղտնի, ասենք՝ 0038 հրաման և ղազախ ԽԱՂԱՂ ցուցարարների դեմ հանեց բանակը, գնդակահարվեցին բացառապես խաղաղ ցուցարարներ, այդպիսով տապալվեց Ղազախստանի սահմանադրական կարգը։

Դհոլչի դատախազն էլ իր տեղակալներով կգնա, ամեն մեկը մի խոստման դիմաց կրծքով կպաշտպանի գործը՝ իմանալով, որ մեկի հերը կդառնա դատավոր, էն մեկը ասպետի շքանշան կստանա, մեկը գեներալի, ինքն էլ հանգիստ խղճով բոլոր հարսանիքներին ու կնունքներին քեֆը լավ դհոլ կխփի։

Հա, մի միտք էլ տամ, թող Սեդա Սաֆարյանը, Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը, անհապաղ ասուլիս հրավիրեն ու հանրությանը նույն սրտաճմլիկ ձայնով ներկայացնեն սոսկալի իրականությունը, թե ոնց է անօրինական զորք ուղարկվել Ղազախստան՝ ԽԱՂԱՂ ցուցարարների դեմ։

Իրավիճակն էլ ավելի բորբոքելու համար էլ կարող է Սաֆարյան Սեդան էն ախպորը խնդրել մի աղբամանի միջից քրքրել-հանել երեխայի մի կոշիկ (որը դեն էին նետել հնամաշ լինելու պատճառով) և հայտարարել, որ Փաշինյանն անձամբ է մորթել այդ ղազախ ազատատենչ երեխային, որի հայրը թալանված ու կեղեքված է եղել։

«Ղազախստանի կորսված հունվարը» ֆիլմում հեղինակը սրտաճմլիկ տոնով կպատմի, թե ինչպես խեղճ ղազախ ժողովրդի՝ իր արժանապատվության ոտնահարման դեմ պայքարը, իր գազն իրենից խլելու, վերջին կոպեկները քամելու դեմ պայքարը հանցավոր ավազակապետությունը ճնշեց։

Հար Հարությունյան ջան, վստահ եմ՝ Հ1-ը չի համարձակիվի այդ ֆիլմը ցուցադրել, ուստի խնդրում եմ աջակցեք 5-րդ ալիքի եթերում «Ղազախստանի կորսված հունվարը» ֆիլմի ցուցադրմանը․ վստահ եմ՝ անարդարության նկատմամբ խիստ անհանդուրժող սույն գործող անձինք արդեն պատրաստվում են դարի հանցագործության մասին հուշապատում թողարկել, որը պարտադիր պետք կլինի կցել հետագայում հարուցվելիք գործին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ